ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News
Որոշ դպրոցներում ապատեղեկատվություն են տարածվում, թե դպրոցները փակվում են: Նման բան չկա ու հիմք չկա նման որոշման համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:
«Դրա անհրաժեշտության դեպքում մենք որոշում կկայացնենք:
Ռազմական դրության պայմաններում խուճապ տարածելու համար շատ հնարավոր է, որ որոշ դպրոցների տնօրեններ ուղղակի դուրս հրավիրվեն իրենց կաբինետներից: Մենք անպայման իրենց՝ այս օրերի գործունեությանը անդրադառնալու ենք պատերազմից հետո:
Ներկայում բնականոն ընթացք է, բացակաները` քիչ»,- գրել է նա:
Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։
Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն:
--00--ԱՀ