ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News
Երևանը պատրաստ է ցանկացած երկրի դեսպանին անձամբ ցույց տալ Լեռնային Ղարաբաղում գերի վերցված զինյալներին: Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում նշել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:
Նա նշել է` այն, որ Լեռնային Ղարաբաղում գործում են ահաբեկիչներ, արդեն իսկ փաստ է:
«Մենք ունենք գերի վերցված վարձկաններ Սիրիայից և Լիբիայից, որոնք ամեն ինչ պատմում են: Հայաստանը պատրաստ է ցանկացած դեսպանի հնարավորություն ընձեռել շփվել այս ահաբեկիչների հետ, որ գերի են վերցվել ռազմական գործողությունների ընթացքում: Ես, իբրև իշխանության ներկայացուցիչ, անձամբ եմ ստանձնում այդպիսի հանդիպում կազմակերպելու պատասխանատվությունը»,- ասել է նա:
Ներկա դրությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Սիմոնյանը հավանական չի համարում:
«ՀՀ վարչապետն արդեն հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել: Նույնատիպ հայտարարություն է արել նաև Ադրբեջանի նախագահը: Բայց ես դրան չեմ հավատում: Դիվանագիտական ճանապարհով այս հարցը լուծելը ներկայում շատ բարդ կլինի»,- ասել է Սիմոնյանը:
--00--ԱԹ