ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News
Ներկա պահին Գորիս-Կապան ճանապարհին իրավիճակը հանգիստ է, սակայն հայկական մեքենաները Գորիս-Կապան ավտոճանապարհի Որոտանի հատվածն անցնում են ռուս սահմանապահների և ՀՀ ԱԱԾ-ի ուղեկցությամբ։ «Փաստինֆո»-ին այս մասին հաղորդեց Գորիսի փոխքաղաքապետ Կարեն Քոչարյանը:
«Հայկական մեքենաները սպասում են,մի տեղ հավաքվում են, հետո ռուս խաղաղապահների և մեր ԱԱԾ-ի ուղեկցությամբ անցնում են այդ հատվածը, որպեսզի վաղը ինչ-որ նոր բան չստացվի, ապահովությունը լավ բան է»,-ասաց Գորիսի փոխքաղաքապետը:
Վերջինիս հաղորդմամբ՝ իրանական բեռնատարների կուտակումները Գորիս-Կապան ճանապարհին բավականին նվազել են, սակայն նա տեղյակ չէ՝ ադրբեջանցիները շարունակու՞մ են գումար պահանջել իրանցի վարորդներից, թե ոչ:
Հիշեցնենք, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի Որոտանի հատվածում ադրբեջանցիներն անցակետ են տեղադրել, որտեղ կանգնեցնում են իրանական բեռնատարները, նրանց փաստաթղթերը ստուգում, գումար են պահանջում իրանցի վարորդներից և նոր միայն թույլ տալիս անցնել այդ հատվածը: Վերջիններս սկսել են այլընտրանքային՝ Տաթեւի ճանապարհից օգտվել։
Ադրբեջանցիները սանձարձակ քայլեր են անում նաև ճանապարհով երթևեկող հայ վարորդների նկատմամբ՝հարվածում են մեքենաներին, վարորդներին:
Հավելենք նաև, որ սեպտեմբերի 18-ին քասախցի երկու երիտասարդ Գորիս-Կապան ճանապարհով երթևեկելիս անհետացել էին, ամենայն հավանականությամբ, հայ երիտասարդներն առևանգվել էին ադրբեջանցիների կողմից:Նրանք վերադարձվել են մեկ օր անց՝ ռուսական կողմի ակտիվ միջամտության արդյունքում։
--00--ԿԿ