ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24 News
Տարեցների միջազգային օրվա առթիվ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն այցելեց և անձամբ շնորհավորեց Հացառատ թաղամասից 103- ամյա Թագուհի Իսպիրյանին՝ Գավառի տարածաշրջանի ամենատարեց բնակչին: Այս մասին հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանից: Կարեն Սարգսյանը շնորհավորեց Թագուհի տատիկին և օրվա առթիվ պարգևատրեց դրամով:
Զրուցելով մարզպետի հետ տիկին Թագուհին նշեց, որ ինքը ծնունդով Հացառատ թաղամասից է, ունի 7 զավակ, 70 թոռ ու ծոռ և երկու կոռ:
Տատիկին անհանգստացնող հիմնական խնդիրը կապված է տեսողության հետ, որի կարգավորման համար մարզպետ Կարեն Սարգսյանը հանձնարարեց մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության ներկայացուցչին՝ միջամտություն ցուցաբերել և աջակցել բուժման կազմակերպման հարցում:
Թագուհի Իսպիրյանի և նրա զավակների հետ մարզպետի ունեցած զրույցի ընթացքում պարզ դարձավ, որ ընտանիքի թոռը՝ Գավառ քաղաքի Հացառատ թաղամասից զինծառայության զորակոչված Արտյոմ Հակոբի Մկրտչյանը, մասնակցել է 2020 թվականի Արցախյան պատերազմին և նոյեմբերի 25-ին ընկել հերոսի մահով՝ կյանքը զոհաբերելով հայրենիքի համար:
Մարզպետ Կարեն Սարգսյանը զորակցությունը հայտնեց հերոսի հարազատներին՝ կիսելով կորստյան ծանր վիշտը և պատրաստակամություն ցուցաբերեց՝ իր լիազորությունների շրջանակներում աջակցել ընտանիքի անդամներին՝ որոշ խնդիրների կարգավորման հարցում
--00--ԱԹ