Մեկնարկել է բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

photo_2025-01-25_15-18-17

Մեկնարկել է բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլը՝ հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը: Քննական առաջին օրը՝ հունվարի 25-ին, հանրապետության 36 քննական կենտրոնում հայոց լեզու և գրականություն առարկայից միասնական քննություն հանձնելու համար հայտագրվել է 4359 դիմորդ. Երևանի 9 քննական կենտրոնում՝ 1164-ը, մարզերի 27 կենտրոնում՝ 3195-ը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում տեղակայված քննական կենտրոնում հետևել է քննությունների ընթացքին և հաջողություն է մաղթել դիմորդներին:

Մինչ քննության մեկնարկը նախարարի տեղակալը ԳԹԿ տնօրեն Արմեն Փաշայանի ուղեկցությամբ շրջել է քննասենյակներում, զրուցել դիմորդների հետ, հետաքրքրվել՝ ինչ մասնագիտություն են ընտրելու: Թիվ 20 դպրոցում ընդունելության քննության համար հայտագրված 120 դիմորդից երկուսը չեն ներկայացել:

Մինչ քննասենյակ մտնելը դիմորդները համապատասխան սարքի՝ մետաղորսիչների միջոցով ստուգվել են՝ բացառելու կապի միջոցների առկայությունը քննության ընթացքում և ապահովելու բոլորի համար հավասար և անաչառ պայմաններ:

Քննության գնահատականները հայտնի դառնան 5-րդ օրը, իսկ մինչ այդ քննական օրվա երկրորդ կեսին Գնահատման և թեստավորման կենտրոնը կհրապարակի թեստերն ու ճիշտ պատասխանները:

Բողոքարկումը քննության 6-րդ օրն է լինելու:

Հատկանշական է՝ բուհերի ընդունելության համար սահմանված միասնական քննությունների առաջին փուլին մասնակցելու համար Գնահատման և թեստավորման կենտրոնը ստացել է 11 606 հայտ, ինչը 2000-ով ավելի է նախորդ տարվա համեմատ:

Հիշեցնենք, որ 2022 թվականից ՀՀ կառավարության որոշմամբ ԳԹԿ-ն ընդունելության քննությունները կազմակերպում է երկու փուլով:

Առաջին փուլը հունվար-փետրվար ամիսներին անցկացված միասնական քննություններն են, երբ դիմորդը հանձնում է միայն միասնական քննություններ իր նախընտրած առարկաներից՝ առանց բուհ և մասնագիտություն նշելու:

Երկրորդ փուլում բոլոր դիմորդները, անկախ առաջին փուլի արդյունքներից, անպայման հայտագրվում են ԳԹԿ-ի dimord.am կայքում՝ ընտրելով բուհը և մասնագիտությունը։

--00—ՅՄ