ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News
Երեք տարվա դադարից հետո Բրյուսելում տեղի է ունեցել Թուրքիա-Եվրամիություն խորհրդարանական խառը հանձնաժողովի նիստը: Սա թվով 79-րդ նիստն է նման ձևաչափում: Վերջին անգամ նման նիստ տեղի էր ունեցել 2018-ի դեկտեմբերի 19-ին:
Թուրքիայի կողմից նիստը նախագահում էր Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) պատգամավոր Իսմայիլ Էմրահ Քարայելը, իսկ ԵՄ-ի կողմից՝ Եվրախորհրդարանի պատգամավոր Սերգեյ Լագոդինսկին:
Թուրք պաշտոնյայի խոսքով՝ ԵՄ-Թուրքիա բանակցություննեի հիմքում շարունակում է մնալ Անկարայի եվրաանդամակցության հարցը: Պնդելով, որ Թուրքիան շարունակում է բարեփոխումներ իրականացնել եվրաանդամակցության համատեքստում՝ Քարայելն ասել է. «Թուրքիայի նման առանցքային երկրին ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականությունից հեռացնելը, կամ դուրս թողնելը նշանակում է սահմանափակել Եվրամիության կարողությունը»:
Այդ առումով, ըստ նրա՝ Թուրքիան կարևոր երկիր է բոլոր տեսակի տարածաշրջանային և միջազգային խնդիրների լուծման համար:
«Հուսով ենք, որ Եվրախորհրդարանը, որին մենք միշտ տեսնում ենք որպես առանցքային գործընկեր, աջակցող քայլեր կձեռնարկի այս հարցում։ Պարզ է, որ կառուցողական մոտեցումը ձեռնտու կլինի երկու կողմերին էլ»։
Ընդգծելով, որ Թուրքիան շարունակում է բարեփոխումները եվրաանդամակցության շրջանակներում՝ թուրք պատգամավորը հայտարարել է, որ վերջին շրջանում տեղի ունեցած ճգնաժամերը, այդ թվում ահաբեկչության դեմ պայքարը և համաճարակը, ցույց տվեցին Թուրքիա-ԵՄ համագործակցության կարևորությունը։ Նա կոչ է արել ԵՄ-ին հրաժարվել «կարճաժամկետ հաշվարկների քաղաքականությունից»:
Իր հերթին Լեգոդինսկին նշել է, որ կողմերի միջև վերջին տարիներին եղել են հակասություններ, նա ուշադրություն է հրավիրել Թուրքիայում առկա մի շարք խնդիրների վրա, ինչպիսիք են ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը: Բայց միևնույն ժամանակ Եվրամիությունը դրական է գնահատում Թուրքիայի կողմից վերջերս տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների կարգավորման փորձերը և համագործակցության ընդլայնումը։
--00—ՄՀ