ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News
Այսօր ՀՀ Ազգային ժողովի նիստում ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը հանդես եկավ ընտանեկան բռնությունը կանխելու համար բռնարարի եւ զոհի մոտ էլեկտրոնային հսկողության սարք տեղադրելու առաջարկով: Հաղորդում են Ներքին գործերի նախարարությունից։
«Ներկայում օրենքով նախատեսված է ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության երկու հիմնական մեխանիզմ: Դրանցից մեկն անհետաձգելի միջամտության որոշումներն են, մյուսը` պաշտպանության միջոց կիրառելու որոշումները:
Առաջին դեպքում ոստիկանության ծառայողի կողմից է համապատասխան որոշումը կայացվում, իսկ երկրորդ դեպքում պաշտպանության միջոցը կիրառում է դատարանը` հաշվի առնելով, որ այն երկարաժամկետ միջամտություն ենթադրող որոշում է», - պարզաբանեց ՆԳ նախարարի տեղակալը` առաջին ընթերցմամբ խորհրդարանի քննարկմանը ներկայացնելով ««Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Արփինե Սարգսյանը նշեց, որ նախագծով նախատեսվում է այս երկու խումբ որոշումների իրականացման տեսանկյունից օգտագործել նաեւ էլեկտրոնային հսկողության միջոցներ, ինչը ենթադրում է, որ բռնարարի ու զոհի մոտ տեղադրվում է էլեկտրոնային հսկողության սարք, որով իրար մոտենալու կամ այլ խախտումներ կատարելու պարագայում ահազանգ կլինի իրավասու մարմնի մոտ:
Նա տեղեկացրեց, որ շատ երկրներ նման արդյունավետ փորձ իրականացրել են:
Փոխնախարարի խոսքով՝ ընտանիքում բռության ենթարկված անձանց պարագայում մեր հանրապետությունը փորձ չունի, բայց էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառման փորձ արդեն իսկ ունի` Քրեական դատավարության նոր օրենսգրքով նախատեսված տնային կալանք եւ վարչական հսկողություն խափանման միջոցներ, որոնք կիրառվում են 2023 թվականի հունվարի 1-ից:
Արփինե Սարգսյանը տեղեկացրեց, որ 2022 թվականին արձանագրվել է ընտանեկան բռնության 1547 դեպք, որոնցից 619-ով անհետաձգելի միջամտության որոշում է կայացվել, իսկ 6-ի դեպքում պաշտպանության միջոցներ են կիրառվել:
«Ընտանիքում բռնության դեմ պայքարը շատ կարեւոր է: Եթե անգամ մեկ դեպք ունենանք, ապա դա ազդակ է, որպեսզի քայլեր ձեռնարկենք»,-նկատեց նա՝ փաստելով է նաեւ, որ վիճակագրությունը միայն արձանագրված դեպքերին է վերաբերում. քիչ մարդիկ են դիմում, շատերը ենթարկվում են բռնության, սակայն չեն բարձրաձայնում այդ մասին:
Փոխնախարարը պատրաստակամություն հայտնեց առաջինից երկրորդ ընթերցման ռեժիմում քննարկել առաջարկները:
Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց խորհրդարանի կողմից:
--00—ՍՊ