ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News
Հայաստանի կառավարության գործունեության առանցքային մարտահրավերը 2022 թվականի արդյունքներով շարունակում է մնալ արտաքին անվտանգության ապահովումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին մարտի 14-ին հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Աշխարհաքաղաքական խորացող անկայունությունը, աշխարհակարգի և միջազգային անվտանգության ոլորտներում ակնհայտ դարձող անորոշություններն ու լարվածություններն ավելի են սրում ՀՀ արտաքին անվտանգության սպառնալիքները
2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված հերթական ագրեսիան ընդդեմ Հայաստանի Հանրապետության, Հայաստանի ինքնիշխան տարածքների շարունակվող օկուպացիան, նոր ագրեսիայի չվերացող վտանգը, ԼՂ հիմնախնդրի կարգավորված չլինելը, ադրբեջանական զինուժի ներխուժումները Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, Լեռնային Ղարաբաղի բնական գազի և էլեկտրական էներգիայի մատակարարումների դադարեցումները և դրանց հետևանքով ԼՂ-ում ծայր առած հումանիտար, էներգետիկ և բնապահպանական ճգնաժամերը ՀՀ կառավարությանը թույլ չեն տվել լիարժեք կենտրոնանալ զարգացման օրակարգերի իրագործման վրա»,- ասաց Փաշինյանը՝ խոսելով ՀՀ կառավարության 2021-2026 թթ․ ծրագրի 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին։
Վարչապետը նկատեց, սակայն, որ 2022 թվականը դարձել է լայնածավալ բարեփոխումների տարի։ «Կառավարությունը որդեգրել է անվտանգային մարտահրավերների պայմաններում բարեփոխումների, պետական ինստիտուտների կայացման և հանրապետության զարգացման օրակարգից չշեղվելու քաղաքականություն։ Արդյունքում, 2022 թվականն ամփոփվել է վերջին 15 տարիների համար աննախադեպ՝ 12,6 տոկոս տնտեսական աճով»,- ասաց նա։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ