Իրավապահների քայլերը համընկնում են իշխանության հրահանգների հետ.Մելոյանը՝ Սահակյանի ձերբակալման մասին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

photo_2023-04-04_13-33-33

Առաջին անգամ չէ, որ իշխող ուժի կողմից տեսնում ենք երկակի ստանդարտների կիրառման դեպք։ Այս մասին 24News-ին ասաց սահմանադրական իրավունքի մասնագետ, Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար, իրավաբան Գոհար Մելոյանը՝ անդրադառնալով Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի միջև տեղի ունեցած ծեծկռտուքից հետո ընդդիմադիր պատգամավորի բերման ենթարկելուն։

«Ավելի վաղ այս գումարման Ազգային ժողովում ծեծկռտուք տեղի ուենցավ, որի ժամանակ, եթե չեմ սխալվում, Գեղամ Նազարյանը գլխի շրջանում հետեւից հարված էր ստացել, շտապ օգնությունն էին կանչել, բուժօգնության անհրաժեշտություն էր առաջացել։ Եվ, բնականաբար, իշխող ուժից որևէ մեկի համար հետեւանքներ չեղան, անգամ եթե վերացարկվում ենք այն հանգամանքից՝ ում հրահրմամբ էր, ինչ դրդապատճառով էր և այլն։ Ամեն դեպքում, արձանագրվել էր փաստ, որ ծեծկռտուք է տեղի ունեցել։ Եվ արձանագրվել էր փաստ, որ մարմնական վնասվածքներ ստացած պատգամավորներ են եղել, ինչը հաստատվել էր ցույց տված բուժօգնութամբ և ախտորոշմամբ»,- պարզաբանեց Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի ղեկավարը։

Իրավաբանը ընդգծեց այն դրվագը, որ սա իշխող ուժի համար մնաց անհետևանք, իսկ այս վերջին ծեծկռտուքի դեպքում անգամ դեռ չհրամցվեց բժշկական ախտորոշում Վլադիմիր Վարդանյանի ստացված վնասվածքի մասին, Մհեր Սահակյանն ազատազրկվեց, ու քննչական կոմիտեն վարույթ է նախաձեռնեց․ «Եվ պետք է սպասենք՝ ի՞նչ որակում են տալու, արդյո՞ք հասցված վնասի ծանրությունն այնքան էր, որ առողջությանը պատճառված վնաս որակվի»։

«Իհարկե, այստեղ նաև քննարկելու հարց է՝ արդյո՞ք անձեռնմխելիության իսնտիտուտը թույլ էր տալիս Սահակյանին ձերբակալել։ Արդյո՞ք սահմանադրության համաձայն՝ անմիջապես հանցանք կատարելու պահին կարո՞ղ է ազատազրկվել, արդյո՞ք ենթադրյալ հանցանքի շրջանակում տեղավորվում է այդ արարքը»,- հավելեց Մելոյանը։

Ըստ նրա՝  եթե օբյեկտիվ քննություն իրականացվեր, պետք է լրջորեն հաշվի առնվեր այս ամենը․ «Բազմիցս են իրավապահ մարմինների գործողությունները համընկել գործող իշխանությունների հրահանգներին»։

«Ես համոզված եմ, որ այն ժամանակ իշխող ուժի պատգամավորների գործողություններում էին հանցակազմի տարրեր առկա։ Համոզմունք ունեմ, որ, իհարկե, իրենց պատգամավորները պատասխանատվության չեն ենթարկվի։ Եվ հետին թվով այդ իրադարձությունների հետ կապված որևէ վարույթ չի նախաձեռնվի»,- եզրափակեց Մելոյանը։

Սերգեյ Առաքելյան

--00—ՅՄ