ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News
Մամուլում առկա այն տեղեկատվությունը, թե Ռուսաստանի Դաշնությունը դժգոհ է Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանի աշխատանքից, էժան խայծ է։ Այս մասին «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել են ՌԴ ԱԳՆ աղբյուրները։
«Ըստ երևույթին, ինչ-որ մեկը ցանկանում է, վնասելով ռուս-հայկական հարաբերությունները, առաջ մղել իր շահերը», - ասել է գործակալության զրուցակիցն ու հավելել, որ «ՌԴ-ում Հայաստանի դեսպանի փոփոխությունը Երևանի բացառիկ իրավասությունն է, սակայն ռուսական կողմը լիովին գոհ է Վաղարշակ Հարությունյանի հետ փոխգործակցության մակարդակից»։ «Մոսկվան նաև չի ծրագրում Հայաստանում դիվանագիտական առաքելության նոր ղեկավար նշանակել», - նկատել է նա։
Հիշեցնենք, որ ըստ հայկական մամուլում առկա տեղեկատվության, իշխող ՔՊ-ն ցանկանում է Ռուսաստան դեսպան ուղարկել իրենց խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանին։ 24News-ը երեկ կապ էր հաստատել նրա հետ, սակայն վերջինս ոչ հերքել ու ոչ էլ հաստատել էր այս տեղեկատվությունը։
Հետաքրքրական է, որ Գուրգեն Արսենյանը վերջին շրջանում հայտնի է իր հակառուսական սուր ելույթներով, ուստի նաև տարօրինակ կլիներ, եթե ՌԴ-ում ընդունեին նրա ագրեմանները։
--00—ԼՀ