Էրդողանը նախատեսում է ապրիլին Սպիտակ տանը հանդիպել Թրամփի հետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

831981_src

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է ապրիլին Սպիտակ տանը հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ հրապարակման՝ Էրդողանը կարևոր է համարում Անկարայի և Վաշինգտոնի միջև ռազմավարական գործընկերության ամրապնդումը տարածաշրջանային կայունության համար, քանի որ Թուրքիան ձգտում է առաջատար միջնորդ դառնալ Ուկրաինայից մինչև Սիրիա հարցերում։

Հիշեցնենք, որ կիրակի օրը՝ մարտի 16-ին, հեռախոսազրույց է տեղի ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև։ Էրդողանը լիակատար վստահություն է հայտնել, որ Թուրքիան և Միացյալ Նահանգները, որպես երկու դաշնակիցներ, նոր շրջանում կզարգացնեն համագործակցությունը՝ առաջնորդվելով համերաշխության, արդյունքների վրա կենտրոնանալու և անկեղծության սկզբունքներով։

Թուրքիայի ղեկավարն ասել է, որ տարածաշրջանային և գլոբալ զարգացումները պահանջում են ընդլայնված խորհրդակցություններ Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև բոլոր հարցերի շուրջ։

--00—ՅՄ