ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Արծվանիստ գյուղը, որտեղ մարդկային կյանքը սկիզբ է առել հնագույն ժամանակներից, հարուստ է պատմաճարտարապետական հուշաձաններով, որոնք պահպանվել ու մեզ են հասել վաղբրոնզեդարյան 1 ամրոցի, 4 դամբարանադաշտի, 5 հին բնակատեղիի, միջնադարյան 8 գերեզմանոցի, 7 եկեղեցու, 2 մատուռի, 104 խաչքար-տապանաքարի տեսքով։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արծվանիստ գյուղը հյուսիսային կողմից սահմանակից է Սևանա լճին, արևմուտքից՝ Մարտունի համայնքի Ծովինար, արևելքից՝ Վարդենիս համայնքի Կարճաղբյուր գյուղերին, հարավից՝ Վարդենիսի լեռնաշղթայի մի հատվածին։ Արծվանիստ-Ծովինար սահմանաբաժանում է գտնվում Ուրարտուի արքա Ռուսա Առաջինի թողած սեպագիր արձանագրությունը՝ տարածքի նվաճման ու Թեյշեբա ամրոցի կառուցման մասին, իսկ դիմացի հարավային լեռնալանջի վրա էլ տարածվում են Թեյշեբա կամ Օձաբերդ ամրոցի ավերակները, որտեղ հայ ու արտասհամանցի հնագետները կատարել են հնագիտական լրջագույն ուսումնասիրություններ։
Պահպանված կամ կիսավեր եկեղեցիներից առավել հայտնի են Վանեվան պատմաճարտարապետական համալիրը և Սուրբ Հռիփսիմե եկեղեցին։ Ըստ միջնադարյան հայ նշանավոր պատմիչ Ստեփանոս Օրբելյանի, ինչպես նաև Վանեվանի գմբեթի հյուսիսարևմտյան և արևմտյան պատերին պահպանված արձանագրության՝ եկեղեցին կառուցվել է 903 թվականին՝ հայոց սպարապետ Շապուհ Բագրատունու մեկենասությամբ։ Այստեղ է թաղված հայոց արքա Սմբատ Առաջինը, ում սպանել է արաբ ոստիկանը։ Վանեվանում գործել է դպրանոց։
«Հանուն աստծո, ես Շապուհ Բագրատունի, Հայոց սպարապետ, Տէրանց տեր, որդի Աշոտի Հայոց թագավորի, ի ժամանակ Հայոց թագավորի մեծի Սըմպատայ, հարազատ եղբայր իմոյ, եւ վերադիտողի Հայոց հայրապետի Տերն Յեվանիսի, իմացաց եւ ծանեաց թէ ամենայն փառք եւ մեծություն ըսպառելոց են եւ վաղիվ կորընչելոց, և մեծափափագ տենչանովք վերակացու եւ տեսուչ առնելով զքույր իմ Մարիամ, Սյունյաց տիկին, յորում իշխանության ի Վանեվանի վանս, տուն Աստծոյ կանգնել վիմատաշս կոփածովք, շատածախ գանձիւք և մեծաջան վաստակովք կատարել․․․»,-վկայում է հայոց սպարապետ Շապուհ Բագրատունու թողած արձանագրությունը։
Պատմահնագիտական այս ու այլ արժեքների կողքին բացառիկ նշականություն ունի Արծվանիստից մի քանի կիլոմետր հարավ գտնվող արձանագիր սահմանախաչը, որը հանդիսանում է իրավական փաստագիր, որով և ժամանակին կարգավորվել է շրջակա գյուղերի հանդամասերի ոռոգման կարգը։
Սահմանախաչի վրա պահպանված արձանագրության բովանդակությունն առաջին անգամ բացահայտել է հայ անվանի հնագետ և վիմագրագետ Սեդրակ Բարխուդարյանը՝ «Դիվան հայ վիմագրության» կոթղային աշխատության մեջ։
Սահմանախաչն ունի 2,50 մետր բարձրություն, 1,10 մետր լայնություն։ Քարը մեջտեղից կոտրված է, ստորին մասը պատվանդանի վրա է, իսկ վերին մասն ընկած է նրա մոտ, մի թմբի վրա, Ներքին Ալուչալուից Վերին Ալուչալու տանող ճանապարհի վրա։ Արևմտյան երեսին փոքր խաչ կա, իսկ չորս բոլորը՝ 20 տող արձանագրություն։
Փաստագիրը հաստատված է գյուղերի տանուտերերի կողմից։ Արձանագրության մեջ հիշատակված անուններով գյուղեր ներկայումս չկան։ Այժմ հուշարձանից դեպի հյուսիս, մոտ 2 կիլոմետր հեռու, Ներքին Ալուչալու գյուղն է, մոտ 3 կիլոմետր հարավ՝ Վանքով խարաբա գյուղատեղին, և մեկ կիլոմետր դեպի արևմուտք՝ մեկ այլ գյուղատեղի։ Այդ բոլոր գյուղատեղիներն այժմ մտնում են Արծվանիստ գյուղի վարչական տարածքի մեջ»,-վկայում է Սեդրակ Բարխուդարյանը։
Արծվանիստցիների վկայությամբ՝ սահմանախաչի կոտրված մասերն իրար են ամրացվել 2007 թվականի ամռանը՝ ՀՀ մշակույթի նախարարի հանձնարարականով, Պատմամշակութային հուշարձանների պահպանության գործակալության Կոտայքի և Գեղարքունիքի ստորաբաժանման մասնագետների ուժերով, Արծվանիստի գյուղապետարանի կողմից տրամադրված տեխնիկայի միջոցով։
Այս վավերագիր խաչքարը, բացի իրավական գրի նշանակությունը, միաժամանակ անառարկելիորեն վկայում է առ այն, որ 13-րդ դարում անգամ, երբ Հայաստանը հայտնվել էր մոնղոլական դաժան լծի տակ, Սևանա լճի ավազանում հիմնական ապրող բնակիչները շարունակում էին մնալ հայության հոծ զանգվածները, որոնք զբաղվում էին հողագործությամբ, անասնապահությամբ, ձկնորսությամբ, արհեստներով ու միաժամանակ կերտում էին պատմամշակութային հիասքանչ հուշարձաններ՝ հարստացնելով նախկինում ստեղծված ազգային արժեքները։ Շատ կարևոր արժեք ունեն նաև սահմանախաչի վրա փորագրված գյուղերի հայկական անվանումները, որոնք ժամանակին գործել են Արծվանիստ գյուղի ներկայիս վարչական տարածքում։
Եվ հիմա բաց երկնքի տակ վեհորեն կանգնած է Արծվանիստի գեղաքանդակ սահմանախաչը՝ որպես հայկականության անժխտելի վկայագիր ու դարեր գնացող հավերժության հուշարձան։
--00--ԱՀ