Գեղարքունիքի մարզի պարեկները երիտասարդների մոտ դանակներ են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 19, 24News

Հունվարի 18-ին Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները Վարդենիս քաղաքում ծառայություն իրականացնելիս Չարենցի փողոցում, ստուգման նպատակով, կանգնեցրել են 20-ամյա մի երիտասարդի վարած մեքենան։

Երիտասարդը վարորդական իրավունքի վկայական չուներ։ Վարչական իրավախախտման արձանագրությունը կազմելիս պարեկները նկատել են վարորդի տաբատի գրպանից դանակի նմանվող՝ կիսով չափ երևացող առարկա։

Ակունք գյուղի 20-ամյա բնակիչը և 23-ամյա ուղևորը ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել են ոստիկանության Վարդենիսի բաժին։ Խուզարկությամբ 20-ամյա վարորդի մոտ հայտնաբերվել է գաղտնի փականով ծալովի դանակ, իսկ 23-ամյա համագյուղացու մոտ՝ գաղտնի փականով դանակ։

Երիտասարդները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վարդենիսի քննչական բաժին։ Հանգամանքները պարզվում են։

--00—ՅՄ