Քերոբյանից հետո գործարար միջավայրը կորցրեց կառավարությունում իրեն հասկացող գործչի. Միրաքյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News

ddf0b3c746c00c6942d19f1e46b18f12_M

«Մանթաշյանց» գործարարների ակումբի նախագահ Վահրամ Միրաքյանն էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի նկատմամբ հարուցված քրեական գործից հետո հանդես էր եկել ի պաշտպանություն նախկին նախարարի գրառումով, ինչն էլ համացանցում քննադատության որոշակի ալիք էր առաջացրել: 24News-ի հետ զրույցում նա բացատրել է իր դրդապատճառները:

Պարոն Միրաքյան, ֆեյսբուքյան մի քանի գրառումներով Դուք պաշտպանեցիք էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանին, ինչի հետևանքով հայտնվեցիք ընդդիմադիր որոշ շրջանակների քննադատության թիրախում։ Կարո՞ղ եք ասել՝ ո՞րն էր Ձեր ակտիվության շարժառիթը։ Ինչու՞ էր պետք պաշտպանել Քերոբյանին։

Ձեր հիշատակած գրառումներում հիմնական նպատակս Վահան Քերոբյանին կատարած աշխատանքի՝ առաջին հերթին գործարար աշխարհի համար կարևորության ու արդյունավետության ներկայացումն էր։ Լինելով հայկական ամենախոշոր բիզնես ակումբի ղեկավարը, նաև երկար տարիներ աշխատելով էկոնոմիկայի նախարարության ու նրա ղեկավարի հետ՝ բարոյական պարտքս եմ համարել լավին լավ կոչել, իսկ վատին՝ վատ։ Այս դեպքում վատն այն է, որ ի դեմս Քերոբյանի, գործարար միջավայրը կորցրեց կառավարության ներսում իրեն լավ հասկացող ու իր շահերը պաշտպանող գործչի։

Ես, իհարկե, լավ եմ հասկանում, որ այս կառավարության որևէ ներկայացուցչի մասին դրական խոսելը հանրային լայն շրջանակներում դժգոհության ու քննադատությունների պատճառ կարող է դառնալ (ինչպես նաև այլ կառավարությունների դեպքում էլ): Բայց այս դեպքում ես հարցին մոտեցել եմ բացառապես արդարության ու հայկական բիզնեսի շահերի տեսակետից։ Ցավում եմ, որ ինձ քննադատողները չեն կարողացել նույնն անել՝ վեր կանգնելով իրենց քաղաքական նախասիրություններից։ Մանավանդ, որ Քերոբյանի հրաժարականի ու նրա դեմ հարուցված քրեական գործի շարժառիթները քաղաքական չեն և որևէ առնչություն չունեն իշխանություն-ընդդիմություն մրցակցության հետ։

Բայց Վահան Քերոբյանն այս իշխանությունների ամենակարկառուն ներկայացուցիչներից էր և բնական է, որ նրա արածներն ու նրա հետ տեղի ունեցածը արժանանալու էին քաղաքական գնահատականների։

Այո, դա այդպես է։ Բայց նաև համաձայնվեք, որ այդ գնահատականների տրամաբանությունը մի քիչ կաղում է։ Օրինակ, որոշ մարդիկ ինձ մեղադրեցին «նիկոլական» լինելու մեջ և դա այն դեպքում, երբ ես քննադատում էի Քերոբյանի դեմ քրեական հետապնդում սկսելու իշխանությունների որոշումը։ Մինչդեռ մենք տեսնում ենք, որ իշխանական քարոզիչներն ու գործիչները ճիշտ հակառակն են անում՝ պաշտպանում և փորձում են հիմնավորել իրավապահների գործողություններն Էկոնոմիկայի նախարարությունում։

Բայց իմ կարծիքով խնդիրը շատ ավելի խորքային է, քան թվում է առաջին հայացքից։ Հարցն այն է, որ մեր երկրի քաղաքական դաշտի ու նաև հասարակության՝ այդքան չարաբաստիկ սև-սպիտակի բաժանված լինելը խանգարում է բոլորին տարատեսակ գործընթացներից անդին տեսնել նաև պետական շահը։ Կարո՞ղ եք, օրինակ, հիմա ինձ բացատրել, թե ինչ է տալու մեր երկրին Քերոբյանի գործը «նիկոլականների» և «ոչ նիկոլականների» որսի վերածելու գործընթացը։ Ի՞նչ է շահելու դրանից նույն ընդդիմությունը։ Միթե՞ պարզ չէ, որ այս մոտեցումը վաղուց արդեն սպառել է իրեն, եթե չասենք, որ երբեք էլ արդյունավետ չի եղել։

Ամեն դեպքում, Դուք պաշտպանում եք մի մարդու, որը վարչապետի համար ամենադժվար պահին թև ու թիկունք է եղել նրան։

Տվյալ պարագայում ես պաշտպանում եմ գործարար հանրույթի և մեր երկրի տնտեսության շահերը։ Մատնանշում այն խնդիրները, որոնք կարող են ի հայտ գալ այս գործընթացի հետևանքով։ Իսկ Քերոբյանին աջակցել եմ ոչ թե այս կամ այն ուժին թիկունք լինելու, այլ իր վրա դրված պարտականությունները՝ իմ կարծիքով արդյունավետ կատարելու համար։

Տեսե՛ք, նախօրեին էկոնոմիկայի նախկին նախարարին սատարող հայտարարությամբ է հանդես եկել նաև «Մանթաշյանց» բիզնես ակումը։ Վստահեցնում եմ ձեզ, որ ակումբի հայրուրավոր գործարարների որոշ մասը չի աջակցում այս իշխանությունների քաղաքականությանը։ Բայց մարդիկ իրենք էին պահանջում, որպեսզի ակումբը նման հայտարարություն տարածի, որովհետև մեր բոլորիս մտահոգությունների հիմքում Հայաստանի կայուն զարգացումն է։ Հիմա մենք աշխատել ենք այդ մարդու հետ և տեսել, որ նա իսկապես փորձում է լուծել բիզնեսի խնդիրները։ Ականջալուր էր մեր առաջարկներին ու քննադատություններին։ Պարզ է, որ նախկին նախարարի նման գործելաոճը համապատասխան վերաբերմունք էր առաջ բերելու գործարար աշխարհում, որի ականատեսը հիմա արդեն բոլորս ենք։

Շատերը խոսում են, որ բիզնեսը հաճախ է լոյալ գործող իշխանություններին։ Նույնիսկ, որ օգուտ ունի այդ լոյալությունից։ Ինչպե՞ս կարող ենք համոզված լինել, որ հիմա էլ նույն երևույթի հետ գործ չունենք։

Դե գոնե թե հենց այն փաստով, որ աջակցում ենք ոչ թե իշխանության եկող, այլ իշխանությունից փաստացի հեռացված գործչի։ Բայց նորից եմ կրկնում՝ նման կասկածամտությունը, բոլորի ուղղությամբ անհիմն մեղադրանքներ ուղղելը ոչ մի օգուտ չեն տալու Հայաստանին։ Մենք շատ ժամանակ չունենք։ Չգիտենք, թե հաջորդ արհավիրքը երբ է հառնելու մեր առջև։ Դրա համար վհուկների այս որսը, անիմաստ քննարկումներն ու միմյանց հաշվին կայանալու ձգտումները պետք է փոխարինենք երկիրը զարգացնելուն ուղղված աշխատանքով։ Ահա, թե որտեղ է պետք ուղղել մեր ժողովրդի էներգիան։ Մեզ նոր բաժանարար գծեր պետք չեն։ Հակառակը՝ պետք է հավաքել բոլոր կարող ուժերը և վերջապես դուրս գալ այս իրավիճակից։ «Մանթաշյանցի» օրինակով վստահեցնում եմ, որ դա հնարավոր է։ Մեր ժողովուրդը կարող է դա անել։

--00—ՅՄ