ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 6, 24News
Վրաստանի և Ռուսաստանի սահմանին գտնվող «Դարյալի» անցակետի աշխատակիցները տարհանվել են Դևդորակի սառցադաշտի հովտում ջրի մակարդակի բարձրացման պատճառով։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից։
Նշվում է, որ Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ տեղական ժամանակով ժամը 08:36-ին սարքերն արձանագրել են ջրի մակարդակի փոփոխություն Դևդորակի սառցադաշտի հովտում, որը գտնվում է Կազբեկի լանջին: Սառցադաշտից է սկիզբ առնում Ամալի գետը, որը միանում է Թերեքին․ այն հոսում է վրացական կողմից «Դարյալի» հսկիչ անցակետի, իսկ ռուսական կողմից՝ «Վերին Լարսի» մոտով։
«Դարյալի» անցակետի, ինչպես նաև պարեկային և սահմանապահ ոստիկանության, մաքսային ծառայության և մասնավոր ընկերությունների աշխատակիցները տարհանվել են անվտանգ վայր։
Դեպքի վայր է մեկնել Վրաստանի սահմանապահ ոստիկանության ուղղաթիռը՝ Շրջակա միջավայրի պահպանության ազգային գործակալության աշխատակիցների, ինչպես նաև երկրաբանների հետ։ Հաղորդվում է, որ երկու ուղղություններով փակվել է ավտոմոբիլների երթևեկությունը Գվելեթի գյուղի մոտ, որը գտնվում է անցակետից 3 կմ հարավ:
--00—ՅՄ