ԱՄՆ Կոնգրեսում Հայաստանի վերաբերյալ լսումներ անցկացվեցին․ ինչ ելույթներ են հնչել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News

սս
«Ամերիկայի ձայն»․ Ամերիկացի կոնգրեսականներն ու սենատորները Հայաստանին վերաբերող Հենսինկյան հանձնաժողովի լսումներին ողջունել են Հայաստանի արտաքին քաղաքական շրջադարձը դեպի Արևմուտք: Այս լսումներին նախորդել էր Հելսինկյան հանձնաժողովի անդամ օրենսդիրների ճանաչողական այցը Հայաստան այս տարվա հուլիսին: 

«Սենատոր Վիքերը, կոնգրեսական Ուիլսոնը, ես և այցի մասնակից մյուս օրենսդիրները տպավորված էինք, թե ինչպես է Հայաստանը փոխվել համեմատաբար կարճ ժամանակահատվածում և ինչպես են նրանք պայքարում իրենց տարածաշրջանի մարտահրավերների դեմ»,- ասում է Հելսինկյան հանձնաժողովի համանախագահ, ինչպես նաև Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի համանախագահ Բեն Քարդինը:

«Հայաստանում առկա է ուժեղ և աճող հասարակական կոնսենսուս և ցանկություն թեքվել դեպի արևմուտք, ամբողջապես ընդունել ժողովրդավարական արժեքները, ազատ աշխարհի հետ համահունչ կառուցել ապագա»,- պնդում է ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի մյուս համանախագահ, կոնգրեսական Ջո Ուիլսոնը, ով նաև հանդիսանում է ԱՄՆ Կոնգրեսում թուրքական հանձնախմբի համանախագահը:

Սենատոր Քարդինը նկատում է՝ այս ճանապարհին, սակայն, Հայաստանն առերեսվում է բազմաթիվ մարտահրավերներին. Ադրբեջանից եկող սպառնալիքը, Ռուսաստանի նման անհուսալի երկրի հետ դաշնակցային հարաբերությունները, Թուրքիայի հետ փակ սահմանն ու հարաբերությունների չկարգավորված բնույթը և տնտեսական բարդ իրավիճակը:

«Մենք պետք է ներգրավվենք, որպեսզի Հայաստանը կարողանա պաշտպանվել, ինքնուրույն որոշումներ կայացնել։ Դա նշանակում է Ռուսաստանին դուրս բերել Հայաստանից։ Դա նաև նշանակում է կարգավորել [Հայաստանի] հարաբերություններն Ադրբեջանի և Թուրքիայի հետ, ինչը չափազանց կարևոր է, որպեսզի առևտրի համար բացվեն այլ ուղիներ»,- ասում է սենատոր Քարդինը՝ ընդգծելով, որ այս ճանապարհին հիմնական խոչընդոտներից է Մոսկվան, որը փորձում է խոչընդոտել տարածաշրջանային խաղաղության հաստատմանը:

Հելսինկյան հանձնաժողովի մյուս համանախագահ, կոնգրեսական Ուիլսոնը ևս կարևորում է Հայաստանի հարաբերությունների կարգավորումը Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Դա, ըստ կոնգրեսականի, բխում է տարածաշրջանի շահերից և որին ընդդիամանում է Պուտինի վարչակարգը:

«Թուրքիան և Ադրբեջանը պետք է բովանդակալից քայլեր ձեռնարկեն Հայաստանի հետ հաշտեցման ուղղությամբ։ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել այս գործընթացին, բայց միայն սատարելը բավարար չէ։ Պահանջվում են տարածաշրջանի բոլոր շահագրգիռ կողմերի համատեղ ջանքեր: Հայաստանի և, իսկապես, ողջ տարածաշրջանի ապագան կախված է նրանից, թե ինչ կլինի առաջիկա մի քանի ամիսներին և տարիներին»,- ասում է կոնգրեսական Ջո Ուիլսոնը:

ԱՄՆ Կոնգրեսում թուրքական հանձնախմբի մյուս համանախագահ, կոնգրեսական Սթիվ Քոհենն իր հերթին քննադատության ենթարկեց Թուրքիայի այսօրվա քաղաքականությունը, հատկապես Իսրայելի հարցում՝ պնդելով՝ Անկարան այսօր բարեկամաբար չի դրսևորում իրեն ԱՄՆ-ի հանդեպ:

«Թուրքիան այսօր այնպիսին չէ, ինչպիսին էր նախկինում, երբ մենք ստանձնեցինք [ԱՄՆ Կոնգրեսում թուրքական հանձնախմբի] համանախագահությունը: Նրանք այլևս միշտ չէ, որ մեր հանդեպ բարեկամաբար են գործում։ Նրանք այնքան էլ վստահելի չեն: Նրանք հարաբերվում են նաև ռուսների, չինացիների և այլոց հետ։ Զգույշ եղի՛ր, Հայաստան, երբ գործ ունենաս Թուրքիայի հետ»,- ընդգծել է կոնգրեսականը:

--00—ՍՊ