ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News
Միացյալ Նահանգներին դեռևս չի հաջողվել պարզել, թե Իսրայելն ինչպես է պատրաստվում պատասխանել հոկտեմբերի 1-ին Իրանի իրականացրած հրթիռային հարձակմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ամերիկյան The Wall Street Journal հանդեսը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին։
Վերջիններս նշել են, որ Իսրայելն առայժմ հրաժարվում է ամերիկյան վարչակազմին հայտնել պատասխան հարված հասցնելու իր ծրագրերի մանրամասները։
Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ Սպիտակ տանը զայրացած են այն հանգամանքից, որ Իսրայելի գործողությունները բազմիցս անակնկալի են բերել ԱՄՆ-ին: Մասնավորապես, այդպես է եղել սեպտեմբերին «Հեզբոլլահ»-ի առաջնորդ Հասան Նասրալլայի սպանության ժամանակ։ Ըստ ամերիկյան իշխանությունների ներկայացուցչի, հետագայում Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտից հետաքրքրվել է, թե Իսրայելը պատրա՞ստ է միայնակ պաշտպանվել, քանի որ Վաշինգտոնին չի ծանուցել իրավիճակի զարգացման մասին: Օսթինը դժգոհ է եղել այն հանգամանքից, որ փոփոխվող իրավիճակում ԱՄՆ-ը սուղ ժամանակ է ունեցել իր զորքեր տեղակայելու և Իսրայելին կամ ամերիկյան այլ զինվորականներին օգնության հասնելու համար:
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
--00—ՍՊ