Ազատման դիմում եմ գրել և թողնում եմ նախարարի պաշտոնը, հեռանում եմ հանգիստ և խաղաղ․ Գնել Սանոսյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News

282353

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը աշխատանքից ազատման դիմում է գրել․

«Հարգելի գործընկերներ, սիրելի բարեկամներ

Ցանկանում եմ տեղեկացնել, որ այսօր աշխատանքից ազատման դիմում եմ գրել և թողնում եմ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը։

Իմ պաշտոնավարման 3-ից ավել տարիները լի էին բազմաթիվ մարտահրավերներով։ Բացի բուն աշխատանքը՝ գրեթե ամենօրյա ռեժիմով բախվել ենք չնախատեսված, չպլանավորված  և հրատապ լուծում պահանջող խնդիրների։ 

Նոր ճանապարհների կառուցում, ԼՂ-ից բռնի տեղահանում, ջրհեղեղ։ Եվ սա միայն ամենախոշոր մարտահրավերներն եմ թվարկում։

Չի եղել աշխատաքային շաբաթ, որ որևէ մարզում չլինեմ։ 

Անձամբ հետևել եմ համայնքային կյանքի բարելավմանն ուղղված ծրագրերին, նոր ենթակառուցվածքների կառուցման և բարեկարգման գործընթացներին՝ լինի դա ենթակայան, ջրագիծ, ճանապարհ, մանկապարտեզի շինարարություն և այլն։ 

Այս շարքը կարելի է շատ երկար թվարկել։

Կառավարության ջանքերով, համատեղ ու թիմային աշխատանքի արդյունքում պատվով հաղթահարել և լուծել ենք առաջ եկած խնդիրները։ Վստահաբար շատ խնդիրներ դեռ լուծում են պահանջում, դեռ շատ անելիքներ կան թեկուզ միայն վերը թվարկված մարտահրավերների ուղղությամբ։ 

Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին վստահության և հնարավորության համար, փոխվարչապետերին, գործընկեր նախարարներին, վարչապետի աշխատակազմին, օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչներին, ենթակա մարմիններին, մարզպետներին, ՏԻՄ ղեկավարներին, միջազգային ու տեղական գործընկերներին և իմ մեծ թիմին՝ ՏԿԵՆ աշխատակազմին, առանց որոնց անհնար էր այս մեծ ծավալի աշխատանքն իրականություն դարձնել։ 

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների համակարգը շատ բարդ է, աշխատանքի ծավալը՝ ահռելի։ 

Այս 3 տարիների ընթացքում աշխատել եմ ուժերի գերլարումով՝ ի նպաստ մեր պետության և ժողովրդի։ 

Լիահույս եմ, որ նախարարության համակարգման ներքո գտնվող կարևորագույն ոլորտներն այսուհետ էլ կկառավարվեն նույնքան սրտացավորեն՝ ի շահ Հայաստանի Հանրապետության։ 

Հետևում թողնում եմ կատարված հսկայածավալ աշխատանք, ուստի հեռանում եմ հանգիստ և խաղաղ»։

--00—ՅՄ