ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Հայաստանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության սարսափելի վիճակագրությունը սկսել է անհանգստացնել նաեւ իշխանականներին։ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկում է խստացնել թմրանյութերի ապօրինի շրջանառության համար նախատեսված պատիժը՝ այն դասելով ծանր հանցագործությունների շարքը, եւ շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, որով թմրանյութերի առքուվաճառքով զբաղվողների համար նախատեսված պատիժը, որը գործող օրենքով 3-6 տարի է, կխստացվի 6-8 ժամկետով, ընդ որում՝ 8-12 տարի ազատազրկում կսահմանվի այն դեպքերում, երբ թմրամիջոցի իրացումը կլինի տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով, այսինքն՝ ինչպես այսօր ընդունված է՝ տելեգրամյան ալիքներով, իսկ որոշ դեպքերում, երբ գործընթացում կներգրավվեն անչափահասներ՝ ընդհուպ ցմահ ազատազրկում։
«Հայաստանի Հանրապետությունում արձանագրված դեպքերի վերլուծության արդյունքում պարզ է դառնում, որ կտրուկ ավելացել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը:
Ընդ որում, 2024 թ. ընթացքում արձանագրվել է համացանցի միջոցով թմրամիջոցների անօրինական շրջանառության 252 դեպք, որից 62-ը թմրամիջոցներ իրացնելու դեպքեր են, 190-ը՝ ձեռքբերման: Ուստի, նախագծով նախատեսվող կարգավորմամբ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով թմրամիջոցների շրջանառությունը դիտարկվում է որպես հանցանքը ծանրացնող հանգամանք»,- նշված է նախագծի հիմնավորումներում։
Ավելին՝ օրաթերթի այսօրվա համարում։
--00—ՍՊ