Շուրջ 7 ամիս է՝ Չինաստանը Հայաստանում դեսպան չունի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News

Screenshot_4

Շուրջ 7 ամիս է Չինաստանը Հայաստանում դեսպան չունի, այս մասին գրում է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։

«Սա աննախադեպ և բացառիկ երևույթ է հայ-չինական հարաբերությունների պատմության ընթացքում: Բնականաբար սա շատ հստակ մեսիջ է, նման դեպքերում պատահականություններ չեն լինում: Վստահ եղեք, Պեկինն իր դիվանագիտական զինանոցում հարյուրավոր պրոֆեսիոնալներ ունի, որ կարող են հենց այսօր գործուղվել Երևան: 

Իսկ որո՞նք են նման մոտեցման պատճառները: 

1. Նախ, Հայաստանը, չնայած բարձր մակարդակով տրված հավաստիացումներին, բացարձակ հետաքրքրվածություն չի ցուցաբերում «Ճանապարհ և գոտի» մեգանախագծով և ոչինչ չի անում դրա մաս կազմելու համար: Այս տեսանկյունից չինական մոտեցումը շատ հստակ է, կան պետություններ, որոնք բարեկամաբար են տրամադրված նախագծին, և կան այնպիսինները՝ որոնք հակադրվում են դրան: 

2. Հայաստանը դեռևս շարունակում է մնալ փաստացի գոյություն չունեցող հակաչինական կրոնական ազատության ալիանսի կազմում (չխառնել կրոնական ազատության գագաթնաժողովի հետ), չնայած դրա հիմնադիր՝ ԱՄՆ նախկին պետքարտուղար Պոմպեոն ինքն էր ներկայացնում դրա հակաչինական բնույթը: Փաստացի, ալիանսն ավելի քան 4 տարի է չի գործում, սակայն Հայաստանը շարունակում է ֆորմալ առումով դրա մաս կազմել: 

3. Կարևոր է նաև հիշել, որ Հայաստանն այն պետությունն է, որ ընդունել էր Թայվանի էկոնոմիկայի նախարարին, հանձնառություն ունենալով զերծ մնալ Թայվանի պաշտոնյաների հետ որևէ ուղիղ շփումներից: Թայվանի խնդիրը Չինաստանի համար ամենից զգայուն թեման է և այստեղ նա այլ կարծիք չի հանդուրժում, քան մեկ Չինաստան սկբունքը: 

Այսքանից հետո, չինացի մեր գործընկերների նման մոտեցումը բավականին տրամաբանական է և հիմնավոր: Գերտերություններին չի կարելի այսպես վերաբերվել»:

--00—ՅՄ