ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության արտաքին և ներքին սոցիալական ծրագրերի ծավալը 2024 թ. կազմել է 215 մլն դրամ։ Այս մասին հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
2024 թ. արտաքին սոցիալական ծրագրերի շրջանակներում ամենաշատ միջոցներն ուղղվել են Դեբեդ գետի գարնանային վարարումներից տուժած ընկերության աշխատակիցներին՝ Սանահինի բնակիչներին, ինչպես նաև աղետի գոտում հայտնված Լոռու մարզի որոշ համայնքներին աջակցելուն։
Նշվում է, որ ծրագրերի մեծ մասն իրականացվել է արհմիության և ընկերության կողմից կոլեկտիվ պայմանագրի շրջանակներում, որն ուղղված է կոլեկտիվի աշխատակիցների սոցիալական աջակցությանը:
«Մասնավորապես, համատեղ միջոցներն ուղղվել են աշխատակիցների բժշկական ծառայությունների վճարմանը, Սևանի և Լոռու մարզի հանգստյան տներում աշխատակիցների և նրանց երեխաների հանգստի կազմակերպմանը, կադրերի պատրաստմանն ու որակավորման բարձրացմանը, անվճար ճանապարհորդական տոմսերի տրամադրմանը և այլն»,– ասված է հաղորդագրության մեջ։
--00—ՅՄ