ԱՄՆ փոխնախագահն ընդունել է Ռեթքլիֆի երդումը որպես Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News

photo_2025-01-24_11-51-00

ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դևիդ Վենսը հունվարի 23-ին ընդունել է Ջոն Ռեթքլիֆի երդումը որպես Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ արարողության տեսանյութը հրապարակել է The Associated Press-ը։

Արարողության ժամանակ ԱՄՆ փոխնախագահը Ռեթքլիֆին անվանել է հայրենասեր, ինչպես նաև նշել, որ նա վայելում է նախագահ Դոնալդ Թրամփի վստահությունը։ Վենսը նաև կատակել է, որ ԿՀՎ-ի նոր ղեկավարը չպետք է պատասխան ելույթ ունենա, քանի որ «նրա ուղեղում գտնվող յուրաքանչյուր տեղեկություն գաղտնի է»։

ԱՄՆ Կոնգրեսի Սենատն ավելի վաղ հաստատել էր Ջոն Ռեթքլիֆին ԿՀՎ ղեկավարի պաշտոնում։ Նրա թեկնածությունը պաշտպանել էր 74 սենատոր, դեմ էր քվեարկել 25-ը։

59-ամյա Ռեթքլիֆը 2020 թ. մայիսի 26-ից մինչև 2021 թ. հունվարի 20-ը զբաղեցրել է ԱՄՆ Ազգային հետախուզության ղեկավարի պաշտոնը Թրամփի առաջին վարչակազմի օրոք: Մինչ այս պաշտոնում նշանակվելը նա շուրջ հինգ տարի եղել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ:

--00—ՅՄ