ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News
Սկզբնական շրջանում այս երկու երկրների միջև հարաբերությունները բարիդրացիական էին։ Ուզբեկստանի անկախության ճանաչումից հետո երկրի նախագահ Իսլամ Քարիմովը առաջինը պաշտոնական այցով մեկնել էր Թուրքիա և նշել. «Եթե Թուրքիան մեզ աջակցի, այսուհետ ոչ ոք չի կարող ուզբեկներին ենթարկել իրեն...։ Աթաթուրքի սկզբունքները զուգահեռ են նրան, ինչ մենք ուզում ենք անել Ուզբեկստանում։ Ես հիանում եմ Աթաթուրքով և հուսով եմ, որ Կենտրոնական Ասիայի ժողովուրդները նույնպես կհասնեն նրան, ինչին նա հասավ Թուրքիայում։ Ես պաշտպանում եմ թյուրք ժողովրդի միասնության գաղափարը. այս միասնությունն անպայման պետք է իրագործվի։ Քաղաքական միավորման փոխարեն կարող է ստեղծվել տնտեսական միություն։ Այն կարելի է անվանել նաև թյուրքական ընդհանուր շուկա»:
Դրանից հետո երկու երկրների միջև ակտիվ համագործակցություն է ծավալվել տնտեսական, մշակութային, քաղաքական, կրթական և այլ ոլորտներում: Բազմաթիվ ուզբեկ ուսանողներ մեկնել են Թուրքիա՝ սովորելու: Սակայն նման ջերմ հարաբերությունները երկար չեն տևել․ դրանք վատթարացել են, երբ 1993 թվականին Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի իշխանությանն ընդդիմադիր գործիչներն ապաստան են գտել Թուրքիայում, հատկապես՝ ընդդիմության առաջնորդ Մուհամմեդ Սալիհը, որը հայտնի էր իր կրոնական հայացքներով: Թուրքիան մերժել էր նրան հանձնել Ուզբեկստանին, որն էլ իր հերթին պատճառ էր դարձել երկու երկրների հարաբերությունների վատացմանը։ Դրանից հետո՝ 1994 թվականին, Ուզբեկստանի իշխանությունները ժամանակավորապես հետ են կանչել Թուրքիայում սովորող իրենց ուսանողներին:
Ուզբեկստանում մշտապես կասկածանքով են վերաբերվել հատկապես Թուրքիայի վարած կրոնական քաղաքականությանը, որը ևս լարվածության աղբյուր է եղել (նաև մնում է) երկու երկրների հարաբերություններում: Թուրքիայի վարչապետ Նեջմեթթին Էրբաքանի վարած իսլամամետ քաղաքականությունն Ուզբեկստանի իշխանություններին ստիպել է զգոն լինել այդ հարցում:
Արդեն 1999 թվականի փետրվարին՝ իսլամական ծայրահեղական ուժերի կողմից Տաշքենդում իրականացված ահաբեկչական գործողություններից հետո, որի թիրախում էր նաև նախագահ Քարիմովը, Ուզբեկստանի իշխանությունները համարում էին, որ Թուրքիայի կողմից ուզբեկ արմատական իսլամական ուժերի ֆինանսավորումը ևս հանգեցրել է ծայրահեղական ուժերի գործունեության ակտիվացմանը: Այդ ահաբեկչության կազմակերպման մեջ մեղադրվել է նաև Սալիհը, որին արտահանձնելու Ուզբեկստանի պահանջը կրկին մերժվել է: Դրանից հետո Ուզբեկստանում փակվել են թուրքական գործող բազմաթիվ բիզնեսներ և դպրոցներ, հատկապես նրանք, որոնք կապված էին Ֆեթուլլահ Գյուլենի անվան հետ: Այդ դպրոցների նկատմամբ Ուզբեկստանը կենտրոնասիական երկրներից ամենակասկածամիտն ու զգուշավորն է՝ համարելով դրանք երկրում իսլամի աճին և Թուրքիայի դերի բարձրացմանը նպաստող գործիքներ: 2001 թվականին Ուզբեկստանում արդեն փակվել են գյուլենական բոլոր գործող դպրոցները:
Իրավիճակն ավելի է վատացել, երբ Թուրքիան միացել է Եվրամիության՝ Ուզբեկստանին դատապարտող հայտարարությանը, որը կապված էր 2005 թվականին Անդիջանում տեղի ունեցած դեպքերի հետ (անկարգություններ Ուզբեկստանի արևելքում՝ Անդիջանում, որի ժամանակ զոհվել են հարյուրավոր մարդիկ, այդ թվում՝ իրավապահներ): Ընդհանուր առմամբ՝ Քարիմովի նախագահության ողջ շրջանում Տաշքենդում Թուրքիայի արտաքին քաղաքականությունը համարել են տարածաշրջանի համար բացասական, անկայունություն հրահրելու աղբյուր:
Իրավիճակը փոխվել է միայն 2016 թվականին՝ Քարիմովի մահից հետո, երբ իշխանության է եկել Շավքաթ Միրզիյոևը: Նա 2017 թվականին այցելել է Թուրքիա։ Արդեն 2020 թվականին երկու երկրների փոխհարաբերությունները հասել են ռազմավարական գործընկերության մակարդակի: 2018 թվականին Ուզբեկստանը հայտնել էր Թյուրքական խորհրդին միանալու մտադրության մասին, իսկ 2022 թվականին միացել է «Թյուրքական պետությունների համագործակցություն» կազմակերպությանը: Երկու երկրները ներկայումս ակտիվ համագործակցում են նաև տնտեսական և անվտանգային ոլորտներում:
Այնուամենայնիվ՝ Ուզբեկստանի իշխանությունները փորձում են թույլ չտալ երկրում թուրքական ազդեցության չափից ավելի ընդլայնմանը։ 2019 թվականին Ուզբեկստանում հեռուստատեսությամբ արգելվել էր թուրքական սերիալների ցուցադրությունը, վերահսկողության տակ էր վերցվել թուրքական կրթական կազմակերպությունների գործունեությունը՝ կրոնական կրթություն տալու հարցում։ Ուզբեկստանի իշխանություններն զգուշավոր են նաև թուրքերենի հիման վրա թյուրքական ընդհանուր այբուբենին անցնելու հարցում: Բացի այդ՝ Ուզբեկստանը Թուրքիայի նկատմամբ վարում է հավասարակշռված արտաքին քաղաքականություն՝ ակտիվ համագործակցելով նաև Ռուսաստանի և Չինաստանի հետ:
--00—ՍՊ