ՌԴ-ի հետ առևտրային կապերն ապահովում են Հայաստանի տնտեսական անվտանգությունը. զեկույց

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News

kk
Ռուսաստանի հետ արտաքին առևտրային կապերն ապահովում են Հայաստանի պարենային, էներգետիկ և տնտեսական անվտանգությունը, ՀՀ տնտեսության մեջ առաջատար ներդրողը ևս շարունակում է մնալ Ռուսաստանը։ Այս մասին հետևում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի «Հայաստանի արտաքին քաղաքականությունը խաչմերուկում. բազմավեկտորության ճգնաժամ» զեկույցից, փոխանցում է Sputnik Արմենիան։ 
 
«Հայաստանի Հանրապետության պաշտոնական տվյալների համաձայն՝ Ռուսաստանից ներկրմանը բաժին է ընկնում ցորենի, ցորենի ալյուրի, արևածաղկի ձեթի և այլ հացահատիկային մշակաբույսերի 98%-ը, գյուղատնտեսական բոլոր մթերքների ներմուծման գրեթե 35%-ը և թռչնամսի 39%-ը, գյուղատնտեսության համար նախատեսված պարարտանյութերի ներկրման մոտ 40%-ը։ Այդ կապերի խզումը կարող է հանգեցնել Հայաստանի պարենային անվտանգության համակարգային ապակայունացմանը»,-ասվում է ինստիտուտի կայքում հրապարակված վերլուծական զեկույցում։
 
Ընդգծվում է նաև, որ Ռուսաստանից էներգառեսուրսների մատակարարումներն ապահովում են Հայաստանի էներգետիկ կարիքների գրեթե 92 տոկոսը և գնաճի ցածր մակարդակ են ձևավորում: Զեկույցից հետևում է, որ այդ մատակարարումներից հրաժարվելը կարող է ազդել երկրի արդյունաբերության բոլոր ճյուղերի մրցունակության վրա և հանգեցնել ՀՆԱ-ի էական անկման։

--00—ՍՊ