Չարենցավանում թալանել են «Փարթներշիմ» ՍՊԸ տնօրենի մեքենան՝ տանելով լուսարձակներն ու թափարգելը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News

photo_2025-02-03_18-10-55

Փետրվարի 1-ին, գողության դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Չարենցավանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ գողացել են Չարենցավան քաղաքի շենքերից մեկի բակում կայանցված ավտոմեքենայի լուսարձակները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված հասցե է մեկնել ոստիկանության Չարենցավանի բաժնի հերթապահ՝ բաժնի պետ Անի Դանիելյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ ավտոմեքենան պատկանում է Կոտայքի մարզի բնակիչ 39-ամյա Արամ Շ․-ին, ով հայտնել է, որ հունվարի 31-ի ժամը 23։30-ից մինչև փետրվարի 1-ի ժամը 08։00-ն ընկած ժամանակահատվածում գողացել են իրեն պատկանող, շենքի բակում կայանված «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենայի թափարգելը և լուսարձակները պատճառելով մոտ 1 մլն 400 հազար դրամի վնաս:

Դեպքի փաստով ոստիկանության Չարենցավանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Արամ Շ․-ն «Փարթներշիմ» ՍՊԸ-ի տնօրենն է։

--00—ՅՄ