ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News
Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.
«Ընդդիմադիր գործիչ Էդգար Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդումն իրենից ներկայացնում է ժողովրդավարական ավանդական չափորոշիչներով չարգելված քննադատական խոսքը լռեցնելու հակաիրավական նոր գործիքակազմի ներդրման փորձ։ «Հաջողության» դեպքում այն հետագայում կարող է կիրառվել ընդդիմադիր հայացքներ ունեցող գործնականում ցանկացած անձի նկատմամբ։
Ուստի «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը» հույժ կարևոր է համարում այդ փորձի խափանումը հանրային իրազեկման, իրավական փաստարկման և օրենքով չարգելված այլ միջոցներով։
Նշվածի հիման վրա մենք որոշել ենք, Էդգար Ղազարյանի առաջարկությամբ և համաձայնությամբ, նրա պաշտպանությունը ստանձնել ամբողջ կազմով։
Իրավապաշտպաններ՝
Արսեն Բաբայան
Սերգեյ Հարությունյան
Վարազդատ Հարությունյան
Վահան Հովհաննիսյան
Ռուբեն Մելիքյան»։
«Հանցավոր իշխանությունները հանգիստ չունեն ինձնից։ Այսօր երեկոյան կրկին անգամ հրավիրվել եմ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժին՝ այն դեպքում, երբ Երևանի քաղաքապետը հորդորել էր աշխատել կամ տանից դուրս գալ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում»,- գրել էր հասարակական գործիչը։
--00--ԱՀ