ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News
Հայաստանում թաքնվող հանցագործներ չկան, այս հակամարտության ամբողջ ընթացքում հանցագործություն է գործել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Իրենք կնիք են դրել, երբ Արցախը շրջափակել և հայաթափել են, հիմա էլ կնիքի տակ տարբեր ստորագրություններ են դնում՝ թատերականացված, շինծու մեղադանքներ հարուցելով։ Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ՝ պատասխանելով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի այն հայտարարությանը, թե Հայաստանը պետք է համագործակցի իրենց հետ, հանձնելով ռազմական հանցագործությունների մեջ մեղադրվողներին, հատկապես նրանց, ովքեր ներկայումս թաքնվում են Հայաստանի տարածքում։
«Զարմանում եմ այս իշխանության պասիվ, կրավորական պահվածքից, Ադրբեջանը նոր պահանջներ է ներկայացնում, իսկ իրենք չեն պատասխանում, ինչ-որ բան մտածում են, երևի ներքին համոզմունք ունեն։ Եթե գնան այդ քայլին, Բաքվի հանցագործ պահվածքին վերջնական կնիք կդնեն, իշխանության դեմքը վերջնականապես կբացահայտվի»,- ընդգծեց Օհանյանը։
Խմբակցության ղեկավարը նաև հավելեց, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը համարձակ, արժանապատիվ պահվածք է ցուցաբերում Բաքվում, ասում են, որ զբաղվել են Արցախի ժողովրդի պաշտպանությամբ և ճիշտ են արել։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ