ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News
Ուկրաինայի և Միացյալ Նահանգների նախարարությունները խորհրդակցություններ են անցկացնում օգտակար հանածոների համաձայնագրի նոր նախագծի շուրջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին Reuters գործակալությանը հայտնել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։
«Խորհրդակցությունները դեռ շարունակվում են տարբեր նախարարությունների մակարդակով», - ասել է նա՝ մեկնաբանելով մամուլում հայտնված համաձայնագրի նոր նախագիծը։
Ավելի վաղ համաձայնագրի վրա աշխատանքը հաստատել էր Ուկրաինայի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Յուլյա Սվիրիդենկոն։
Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ ԱՄՆ-ն իսկապես Ուկրաինային է փոխանցել օգտակար հանածոների շուրջ համաձայնագրի նոր նախագիծը, որտեղ մանրամասնորեն նշված են երկրի վերականգնման հիմնադրամի ստեղծման պայմանները։ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը մարտի 26-ին հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները և Ուկրաինան կարող են արդեն հաջորդ շաբաթ ստորագրել տնտեսական համագործակցության, այդ թվում՝ օգտակար հանածոների շուրջ համաձայնագիրը:
--00--ԱՀ