ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը շարունակում է պայքարը քրեակատարողական հիմնարկներ թմրամիջոցների և արգելված իրերի ներթափանցման, ազատազրկված անձանց կողմից դրանց պահման և ապօրինի շրջանառության դեպքերը բացահայտելու և կանխելու ուղղությամբ:
Այսպիսով՝ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային բաժինների, ուղեկցումների բաժնի և քրեակատարողական հիմնարկների անվտանգության ապահովման բաժինների ծառայողները 2025 թվականի մարտի ընթացքում ազատազրկված անձանց անձնական զննությամբ, տեսակցության եկած քաղաքացիների մոտից, ներնետված, ինչպես նաև խցերում և բնակելի գոտու այլ հատվածներում պատրաստված թաքստոցներից հայտնաբերել են 7.01 գրամ թմրանյութերի նմանվող զանգվածներ, 151 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 173 պարագա, 8 wi-fi սարք, 61 կտրող-ծակող առարկա, 137.25 լիտր ինքնաշեն ոգելից խմիչք և այլ արգելված իրեր:
Թվարկած բոլոր դեպքերով նախաձեռնվել են քրեական, վարչական, կարգապահական վարույթներ, նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ:
Քրեակատարողական ծառայությունը կոչ է անում պատասխանատվության չենթարկվելու համար զերծ մնալ անօրինական գործողություններից և խստագույնս պահպանել քրեակատարողական հիմնարկներ այցելելու՝ օրենքով սահմանված պահանջները: