ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18, 24News
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն առցանց հանդիպում է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգներում և Կանադայում գործող հայկական լրատվամիջոցների երկու տասնյակ ներկայացուցիչների և լրագրողների հետ։ Ողջունելով մասնակիցներին՝ Գլխավոր հանձնակատարը կարևորել է սփյուռքում հայկական լրատվամիջոցների աշխատանքը, դրա դերակատարությունը Հայաստան-սփյուռք համագործակցության ամրապնդման և սփյուռքի մեր հայրենակիցների տեղեկացվածության գործում։
Մոտ 2 ժամ տևողությամբ հանդիպման ընթացքում Գլխավոր հանձնակատարը լրագրողական հանրույթին ներկայացրել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ծրագրերը՝ հատկապես առանձնացնելով «իԳործ»-ը, լիբանանահայերի ինտեգրման փաթեթը, հայրենադարձների ինտեգրման կենտրոնի ստեղծումը և այլն։
Մասնակիցների հարցերի շրջանակը լայն էր՝ լիբանանահայության խնդիրներից մինչև ներդրումներ, հայրենադարձություն և ներհայաստանյան զարգացումներ։
Հանդիպման ավարտին մասնակիցները և Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը նման ձևաչափով քննարկումներիը պարբերաբար անցկացնելու հույս են հայտնել՝ նպատակ ունենալով ամրապնդել նաև Հայաստանի և սփյուռքի միջև լրատվական հաղորդակցությունը
--00--ԱՀ