ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ամբողջ երկայնքով շարունակվող մարտական գործողությունների ընթացիկ ու հնարավոր հետագա զարգացումներին ծանոթանալու նպատակով սեպտեմբերի 28-ին բանակի մարտական կառավարման կենտրոն են այցելել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը ներկայացրել է օպերատիվ-մարտավարական իրադրությունը, անդրադարձել այն բոլոր գործընթացներին, որոնք իրականացվում են ՊԲ-ի ստորաբաժանումների կողմից՝ ադրբեջանական ագրեսիային դիմակայելու ուղղությամբ:
Բանակի հրամանատարը վստահեցրել է, որ իրավիճակը լիովին վերահսկվում է ԱՀ ԶՈՒ-ի կողմից և ստեղծվել են լավ հնարավորություններ արձանագրված հաջողությունները հետագայում զարգացնելուհամար:
Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը՝ խախտելով բոլոր հնարավոր միջազգային պայմանավորվածությունները, թուրքական բանակի գործուն աջակցությամբ անցել է հարձակման Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով իր ձեռքի տակ եղած սպառազինության բոլոր տեսակները՝ այդ թվում և օդուժ։ Ադրբեջանական բանակը գնդակոծել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։
Հայկական զինուժը համառ մարտերից հետո կարողացել է ձախողել հակառակորդի հիմնական նպատակները ու շարունակում է զարգացնել հաջողությունները՝ թշնամուն հետ շպրտելու համար։
Ադրբեջանի գործողությունների հետևանքով սեպտեմբերի 27-ին զոհվել է 31, սեպտեմբերի 28-ին՝ 28 զինծառայող։ Քաղաքացիական բնակչությանը հասցված հարվածների հետևանքով զոհվել է երկու քաղաքացի․ նրանցից մեկն 9 տարեկան աղջիկ է։ Վերջին տվյալներով՝ վիրավորների թիվը մոտ է 200-ին։
--00--ՄՀ