ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News
Պատերազմ`մինչև վերջ, ամենաարժանապատիվ ձևով դիմակայել թշնամուն․ սա էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է «Արդար Հայաստան» հանրային նախաձեռնության անդամ, փաստաբան Նորայր Նորիկյանը։
Նրա խոսքով՝ պատերազմի ամենակրիտիկական փուլում ենք, որի գինը մեր զավակների կյանքն է։
«Հանրության հետ պետք է խոսել։ Հակամարտությունների կարգավորման մի քանի տարբերակներ կան։ 1-ին տարբերակ՝ ռազմական եղանակ, 2-րդ՝ փոխզիջումային, 3-րդ՝ կոնսենսուս։ Ռազմական ճանապարհով հարցի լուծումը հետևյալն է՝ կա՛մ պետք է Ադրբեջանը կապիտուլացիայի ենթարկի ՀՀ-ին և մենք գնանք պարտադրված որևէ բան ստորագրելուն՝ որպես պարտված կողմ, կա՛մ ճիշտ հակառակը՝ մենք պետք է պարտության մատնենք Ադրբեջանին։
Բոլոր դեպքերում ռազմական ճանապարհով հարցի լուծումը հղի է տարածաշրջանը տարիներ շարունակ կատաստրոֆայի վերածելու վտանգով»,- ասել է նա՝ շարունակելով․
«Ռազմական եղանակավ հարցի լուծումը խիստ վտանգավոր է և չի բխում Հայաստանի և Արցախի և մեր ժողովուրդների շահերից։ Հետևաբար այս առումով հայկական կողմը և մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է գիտակցի լրջությունը և հնարավոր բոլոր ջանքերոը ներդնի պատերազմն օր առաջ դադարեցնելու համար։ Մեզ խաղաղություն է պետք և հիմա»,- ընդգծել է նա։
Ըստ Նորիկյանի՝ հակամարտության երկրորդ տարբերակի վերջնական արդյունքից որևէ մեկը չի կարող գոհ լինել։ Փոխզիջումն այն է, երբ ամեն մեկն ինչ-որ բան զիջում է։ Արդյունքում ստացվում է նոր բան, որից բոլորը դժգոհ են, բայց հարցը կարգավորում է։
«Իսկ կոնսենսուսով հարցի լուծումը նշանակում է, որ բոլորը համաձայնվում են ինչ-որ որ մի լուծման։ Մենք հեռու ենք այս լուծումից։ Հետևաբար այս երեք կարգավորման մեթոդներից մենք պետք է գիտակցենք՝ հիմա մեզ պարտադրված է ռազմական լուծում Ադրբեջանի կողմից։ Բայց եթե կա հնարավորություն պատերազմն օր առաջ դադարեցնելու և հասնելու որևէ ձևաչափով հարցի խաղաղ կարգավորմանը, կողմանկից եմ, որ մենք գնանք այդ ճանապարհով։ Այս զոհերը պետք է լինեն իմաստավորված։ Առավելևս վարչապետի կողմից, երբ ընդգծվեց, որ մենք շատ զոհեր ունենք։ Հարցի ամբողջական լուծման խնդիր պետք է դրվի այսօր։ Մենք չպետք է թույլ տանք, որ տարիներ հետո այս ծավալով զոհեր լինեն ու պատերազմի մեջ ներքաշվենք։ ՀՀ քաղաքական էլիտան պետք է բացառի արնաքամ լինելու քաղաքականությունը»,- նկատել է Նորիկյանը։
Շարունակությունը՝ տեսանյութում։
--0--ԿԿ