ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News
«Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամ Վարազդատ Հարությունյանը նամակ-կոչ է հղել Փաստաբանների պալատի խորհրդին՝ առաջարկելով խորհրդի նիստ հրավիրել և Նիկոլ Փաշինյանի և նրա ղեկավարած կառավարությանն հրաժարականի հարցով հայտարարություն անել։ Նամակ–կոչում ասվում է․
«ՀՀ Փաստաբանների պալատի խորհրդին
Հարգելի՛ Խորհրդի անդամներ
Իմ խորին համոզմամբ՝
ա) 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հայկական երկու պետությունների դեմ սանձազերծված թուրք-ադրբեջանական ռազմական ոտնձգության ամբողջ ընթացքում ՀՀ գործադիր և օրենսդիր իշխանությունների կողմից պետական և պատերազմի բացարձակ ձախողակ կառավարումը,
բ) ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից նոյեմբերի 10-ին կնքված խայտառակ կապիտուլյացիոն համաձայնագիրը, որով հայությունը զրկվեց իր հայրենիքի մի մասից,
գ) նույն այդ իշխանությունների կողմից շարունակվող ներհայկական պառակտումների խորացման քաղաքականությունը,
դ) թշնամու կողմից պատերազմի ընթացքում և մինչ այժմ շարունակվող մարդու իրավունքների կոպտագույն և լայնածավալ խախտումների վերացմանն ուղղված իշխանությունների արդյունավետ քայլերի բացակայությունը,
ե) վերջնարդյունքում ստեղծված խորը սոցիալ-տնտեսական և անվտանգային ճգնաժամը հաղթահարելու ունակության ի սպառ բացակայությունը,
զ) մեր հայրենիքի համար դեռևս չսպառված անվտանգային մարտահրավերները,
է) հետագա բանակցություններում կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրած Նիկոլ Փաշինյանի մասնակցության անհնարինությունը ստեղծել են Նիկոլ Փաշինյանի և իշխող վարչախմբի ամբողջական հեռացման բացարձակ անհրաժեշտություն։
Գտնում եմ նաև, որ նշված անհրաժեշտությամբ պայմանավորված հասարակական պահանջը պետք է ձևակերպվի և ներկայացվի ոչ միայն հրապարակում և փողոցում, այլ նաև դրանից դուրս՝ տարբեր հասարակական միավորումների, գիտական, ստեղծագործական և մասնագիտական միությունների կողմից։
ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ իրական քաղաքացիական հասարակության մեջ փաստաբանական համայնքի առանցքային դերը և մարդու իրավունքների պաշտպանության բոլոր օրինական միջոցները գործադրելու մեր մասնագիտական և բարոյական պարտականությունը
ՀԱՆՈՒՆ հայրենիքի և մեր ժողովրդի փրկության ու արժանապատիվ գոյության
ԽՆԴՐՈՒՄ ԵՄ՝
Հրավիրել Փաստաբանների պալատի խորհրդի նիստ և քննարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա գլխավորած կառավարության անհապաղ հրաժարականը պահանջելու մասին հայտարարություն ընդունելու հարցը:
ՀՀ փաստաբանական պալատի անդամ՝ Վարազդատ Հարությունյան (արտոնագիր՝ թիվ 2426)
Սույն դիմումը բոլոր փաստաբանների համար բաց է միանալու համար»։
--0--ԿԿ