ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 2-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսին, ով իր երկրի առաջին ռեզիդենտ դեսպանն է Հայաստանում: Այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Դեսպանի խոսքով՝ տնտեսական համագործակցությունը Հայաստանի և Նիդերլանդների միջև զարգանալու լուրջ ներուժ ունի, և անհրաժեշտ է գրանցել այնպիսի արդյունքներ, որոնք կգոհացնեն երկու կողմերին։
Նախարար Քերոբյանը ողջունել է Երևանում Նիդերլանդների դեսպանության բացումը՝ նշելով, որ այն նոր հնարավորություններ է ընձեռում երկու երկրների միջև համագործակցության զարգացման համար:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Նիդերլանդների միջև տնտեսական կապերի ամրապնդմանն առնչվող հարցեր, մասնավորապես մտքեր են փոփանակվել Հայաստանի ներդրումային միջավայրի, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտների վերաբերյալ։
Նիկոլաս Սխերմերսը պատրաստակամություն է հայտնել նիդերլանդական ըկերություններին տեղեկացնել Հայաստանի ներդրումային հնարավորությունների մասին և ակտիվ աշխատել փոխգործակցության խթանման ուղղությամբ:
Կողմերը պայմանավորվել են շարունակական հանդիպումների միջոցով վեր հանել այն հարցերը, խնդիրները և ծրագրերը, որոնց լուծումը և իրականացումը կնպաստի հայ-նիդերլանդական տնտեսական կապերի խորացմանն ու առևտրաշրջանառության աճին։
--00—ՄՀ