ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News
«Ի՞նչ է անում ՀՀ ԱԳՆ-ն՝ բացի էմոցիոնալ հայտարարություններից, բացի նրանից, որ ասում է՝ աշխատում է։ Ի՞նչ է անում ռազմագերիների վերադարձի համար կամ ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ գտնվող տարածքներում մեր մշակութային կոթողների հանդեպ խայտառակ վանդալիզմի դեմ։ Մինչ մենք այստեղ մտահոգվում ենք, ցավում ենք, տխրում ենք, նրանք ամեն օր ոչնչացնում ու պղծում են։ Վստա՞հ եք, որ Հայաստանում ադրբեջանցի ռազմագերիներ և գերեվարված քաղաքացիական անձինք կան, որ կարողանանք բոլորը բոլորի դիմաց փոխանակում անել, ինչպես արձանագրված է նոյեմբերի 10-ի խայտառակ կապիտուլյացիոն փաստաթղթում։ Ես նման վստահություն չունեմ։ Բացի մտահոգությունից՝ ի՞նչ առարկայական քայլեր ենք անում, որ վանդալիզմը կանգնի, որ միջազգային կառույցները կոնկրետ քայլ անեն», - այս մասին այսօր ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարից հետաքրքրվում էր ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ինչին ի պատասխան Արա Այվազյանը պատասխանեց, որ ՀՀ-ն ամբողջությամբ կատարել է նոյեմբերի 9-ի փաստաթղթի 8-րդ կետով նախատեսված պայմանավորվածությունը և Ադրբեջանին հանձնել ՀՀ-ում գտնվող բոլոր գերիներին։
«Մենք միշտ մատնանշել ենք, որ Ադրբեջանը չի ՀՀ հանդեպ ունեցած իր պարտավորությունը։ Օրեցօր միջազգային ճնշումն աճում է թե՛ գերիների, թե՛ պատմամշակութային և կրոնական հուշարձանների պղծման վերաբերյալ», - ասել է նախարարը։
«Մենք մինչև վերջին ռազմագերին ու քաղաքացիական անձը հանձնել ենք, հանձնել ենք անգամ 90-ականների պատերազմի ժամանակ թաղված ադրբեջանցի ռազմագերիների ոսկորները։ Իսկ միգուցե կարիք չկա՞ր ամեն ինչ հանձնել, երբ գիտենք՝ մենք ինչքան ռազմագերիներ ունենք։ Այսօր ունենք 188 հաստատված, մի այդքան էլ՝ ենթադրյալ ռազմագերիներ»,- ասել է Զոհրաբյանը, ինչին ի պատասխան ԱԳ նախարարը նշել է՝ «Մեր գերիները 188-ը չեն»։
--00--ԱԹ