ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News
Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի նախօրեին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նամակներ է հղել երկու տասնյակից ավելի երկրների, միջազգային կառույցների ղեկավարների, մասնավորապես՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Գերմանիայի, Իտալիայի, Արգենտինայի, Լիբանանի, Հունաստանի նախագահներին, Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին, Նիդերլանդների, Բելգիայի, Շվեդիայի թագավորներին և այլոց:
Նախագահ Սարգսյանն իր երախտագիտությունն է հայտնել նախագահներին, խորհրդարաններին, հասարակական, հոգևոր, գիտական ու ակադեմիական շրջանակներին՝ Հայոց ցեղասպանությունը տարբեր ձևաչափերով ճանաչելու, դատապարտելու, ինչպես նաև հայ ժողովրդին ցուցաբերած համերաշխության համար:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին հղած նամակում նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է. «Հայոց Ցեղասպանության ճանաչումը, Երևանում Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված արարողությանը Ֆրանսիայի նախագահի մասնակցությունը, Ձեր հրամանագրով ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր հայտարարելը ևս մեկ անգամ ընդգծում են Ֆրանսիայի հետևողականությունը և հավատարմությունը համամարդկային արժեքներին»:
Նամակներում Հայաստանի նախագահը վստահություն է հայտնել, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործընթացը կնպաստի ցեղասպանության՝ որպես մարդկության դեմ ուղղված հանցագործության կանխարգելմանն ու անպատժելիության վերացմանն ամբողջ աշխարհում:
--00—ՄՀ