ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24News
Հայաստանի որոշ ուժեր և գործիչներ հանդես են գալիս հակառուսական և անգամ ակնհայտ ռուսաֆոբ դիրքերից: Այս մասին Sputnik. Armenia-ին տված հարցազրույցում նշել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
«Մենք հասկանում ենք, որ կա բազմակարծություն, պատրաստ ենք եզրակացություններ անել: Փորձ է արվում ամեն ինչում մեղադրել Ռուսաստանին՝ այն երկրին, որ եղել է և այս դժվարին շրջանում մնում է Հայաստանի կողքին, Հայաստանի ժողովրդի կողքին: Ցավում եմ.... ես կցանկանայի ուշադրություն հրավիրել մի հանգամանքի վրա: Անկախ հռետորաբանությունից, նպատակը մեկն է՝ ճեղք բացել և հարված հասցնել հայ-ռուսական հարաբերություններին: Տպավորություն է ստեղծվում, թե հիմնական խնդիրը հենց դա է: Սակայն վստահ եմ, որ նման մոտեցումը Հայաստանի իրական շահերից չի բխում»,- ասել է դեսպանը:
Ռուս դիվանագետի կարծիքով՝ նմանատիպ տրամադրությունները ծառայում են ոչ թե հայկական, այլ օտարերկրյա շահերին:
«Մենք գիտենք, որ իրավիճակն այժմ դյուրին չէ: Շատ բարձր է միջազգային հարթակում առճակատման մակարդակը: Լարվածություն է առաջանում հետխորհրդային տարածքի տարբեր հատվածներում: Եվ կան փորձեր՝ այս ամենն օգտագործելու ինչ-որ օտար շահերի իրացմանը, այդ թվում՝ աշխարհաքաղաքական: Մենք այս ամենը տեսնում և հասկանում ենք»,- նշել է նա:
Միաժամանակ, Կոպիրկինը համոզմունք է հայտնել, որ նման փորձերը չեն կարող անուղղելի վնաս հասցնել երկկողմ հարաբերություններին:
«Մեր ժողովուրդների համագործակցության ու բարեկամության հիմքերն ու ավանդույթներն այնքան էլ հեշտ չէ քանդելը»,- ասել է դեսպանը:
--00--ԱԹ