ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News
Հունվարի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:50–ի սահմանում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գարեգին Նժդեհ փողոցի 7 հասցեում գործող «006» փոստային բաժանմունք գող է մտել, գրում է shamshyan.com-ը։
ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գունդը շրջափակել է շենքի ողջ տարածքը, քանի որ կան մի քանի մուտքեր, ու գողը կարող էր դիմել փախուստի:
Պարեկներ, նկատելով կասկածյալին, հրահանգել են, որպեսզի նա կանգնի, սակայն նա, մտնելով շենքի մուտքերից մեկը, դիմել է փախուստի: Պարեկները, մոտ 500 մետր հետապնդելով նրան, կարողացել են վնասազերծել: Նրա ձեռքերը վնասված են եղել ու մինչ ոստիկանության՝ Շենգավիթի բաժին նրան բերման կենթարկեին, պարեկները առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, որից հետո ժամանած բժիշկների հերթապահ խումբն է օգնություն ցուցաբերել:
Պարզվել է, որ Երևանի բնակիչ, 38-ամյա Խորեն Մ.-ն ձեռքերով կոտրել է Հայփոստի մուտքի դռան ապակին, մտել ներս և դրամարկղից հափշտակել է գումար:
Դեպքի վայրի զննություն են կատարել ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննական բաժանմունքի հետաքննիչները՝ ավագ հետաքննիչ Միրզոյանի գլխավորությամբ: Կասկածյալ Խորեն Մ.-ն հետաքննիչի որոշմամբ ձերբակալվել է:
Ըստ աղբյուրի՝ հարուցված քրեական գործը փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին: Փոստի տեսախցիկներն էլ արձանագրել են ինչպես է տեղի ունեցել գողությունը:
--00--ԼՄ