ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News
Հայկական կողմը 44-օրյա պատերազմից հետո 208, իսկ արցախյան առաջին պատերազմի օրերից՝ 777 անհետ կորած ունի։ Այս մասին հինգշաբթի օրը տեղի ունեցած կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հումանիտար բնույթի հարցեր։
«Քննարկման (Բրյուսելում - խմբ.) կարևոր թեմաներից էին հումանիտար հարցերը: Եվրամիության խորհրդի նախագահն ընդգծեց գերեվարված բոլոր անձանց ազատ արձակելու անհրաժեշտությունը: Քննարկեցինք նաև անհետ կորած համարվող անձանց ճակատագիրը պարզելու շուրջ համագործակցելու հնարավորությունը և հարցերը: Հիշեցնեմ, որ Արցախյան երկու պատերազմներից հետո մենք 985 գտնվելու վայրն անհայտ մարդ ունենք՝ 208 հոգի՝ 44-օրյա պատերազմից, 777 հոգի՝ Արցախյան առաջին պատերազմից: Պետք է շարունակենք նրանց ճակատագիրը պարզելուն ուղղված աշխատանքը», - նշել է Հայաստանի կառավարության ղեկավարը։
--00--ԿԿ