Խոշոր հրդեհ՝ Երևանում․ ժամանել են մեծ թվով հրշեջներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News

հասարակական

Երեկ՝ մայիսի 1-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբելյան փողոցի թիվ 17 շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկում կրակ և ծուխ է նկատվում։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը։

Օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 7 հրշեջ փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ, և տեղում հայտարարվել է հրդեհի բարդության ԲԻՍ-1 աստիճան։  Լրացուցիչ ժամանել են թիվ 13 և թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ։ Անհրաժեշտությունից ելնելով՝ ժամանել է նաև թիվ 13 հրշեջ փրկարարական ջոկատի ավտոսանդուղքը։  Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցներն ու «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները։ Հրշեջները մի քանի ժամ պայքարել են Արթուր Խաճատրյանին պատկանող թիվ 77 բնակարանում առաջացած խոշոր հրդեհի դեմ։ 

Հրդեհը մեկուսացվել է ժամեր անց։ Պարզվել է, որ բնակարանում կուտակված կենցաղային իրեր կան։  Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները չկուտակվեն, և հրշեջ փրկարարները և  օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների խումբը առանց խոչընդոտի կարողանան աշխատեն։ Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։  

--00--ԿԿ