Բրյուսելում ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատել են, որ արտատարածքային պահանջներ չունեն. Շառլ Միշել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 1, 24News

40632039_0_0_1423_1067_1920x0_80_0_0_116af60cdc3

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարություն է տարածել` Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին օրերի լարվածության համատեքստում վերահաստատելով ԵՄ հանձնառությունը՝ խորացնելու համագործակցությունը երկու երկրների հետ, հասնելու նրան, որ Հարավային Կովկասը լինի անվտանգ, կայուն, խաղաղ և բարգավաճ՝ ի շահ տարածաշրջանում ապրող բոլոր մարդկանց։

ԵԽ նախագահը հայտարարել է, որ Բրյուսելում տարածաշրջանի ապաշրջափակման համատեքստում ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատել են, որ ապագա տրանսպորտային ենթակառուցվածքների հետ կապված արտատարածքային պահանջներ չունեն։



«Կապի հնարավորությունները հատուկ քննարկվել են մայիսի 22-ին Բրյուսելում՝ տարածաշրջանի ապաշրջափակման հնարավորությունները զարգացնելու նպատակով: Այս համատեքստում երկու կողմերը հաստատել են, որ ապագա տրանսպորտային ենթակառուցվածքների հետ կապված արտատարածքային պահանջներ չկան: Հակառակի շահարկումները ցավալի են»,- ասված է ԵԽ նախագահ Շառլ Միշելի տարածած հայտարարության մեջ։

Ավելի լայն իմաստով` նախագահ Միշելն ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կայուն կարգավորման համար կարևոր է լուծել բոլոր չկարգավորված խնդիրները, այդ թվում՝ առաջ մղել ապագա խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներն ու հասցեագրել հակամարտության հիմքում ընկած ​​պատճառները: Միշելի կարծիքով՝ բոլոր հիմնարար խնդիրները, որոնք հանգեցրել են Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմին, ինչպես նաև 2020 թվականին ռազմական գործողությունների վերսկսմանը, պետք է հասցեագրվեն բոլոր շահառուների կողմից, որպեսզի պայմաններ ստեղծվեն կայուն և արդար խաղաղություն համար։

Ինչպես հակամարտության ցանկացած ժառանգության դեպքում, տերմինաբանությունն այս համատեքստում հատկապես զգայուն է: Մայիսի 22-ին կայացած ղեկավարների հանդիպման արդյունքների վերաբերյալ Շառլ Միշելի հայտարարությունը ոչ մի դեպքում չպետք է մեկնաբանվի որպես քննարկումների նախապես կանխորոշված ​​արդյունքի նախընտրություն: Ի վերջո, ամենակարևորն այն է, որ բոլոր խնդիրները համակողմանիորեն հասցեագրվեն. դա ներառում է ողջ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը:

ԵՄ խորհրդի նախագահն ընդգծել է բնակչությանը խաղաղության նախապատրաստելու անհրաժեշտությունը և այս հարցում հանրային հռետորաբանության առաջնային դերակատարումը: Նա ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության մտադրությունը բարեխղճորեն ներգրավվելու բանակցությունների շարունակման համար բարենպաստ մթնոլորտի ձևավորման գործում և հայտնել է ԵՄ պատրաստակամությունը՝ ուժեղացնելու աջակցությունը վստահության ամրապնդման միջոցառումներին:

Նշվում է նաև, որ ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը առաջիկա օրերին կայցելի տարածաշրջան՝ հետևելու քննարկված բոլոր հարցերի ընթացքին։

--00--ՀԶ