ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24News
Մի շարք կազմակերպություններ հայտարարություն են տարածել մամուլում շրջանառվող լուրերի մասին, թե «հետապնդումներ է իրականացվում այլախոհ հերթական լրագրողի նկատմամբ»։
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ ՀՀ ԱԱԾ-ն, ամենայն հավանականությամբ, կատարելով ազգակործան իշխանության պատվերը, հետապնդումներ է իրականացնում այլախոհ հերթական լրագրողի նկատմամբ:
Այս անգամ թիրախում է «Hayeli.am- Հայելի ակումբ»-ի համահիմնադիր, գլխավոր խմբագիր Անժելա Թովմասյանը, որը հանրությանը հայտնի է իր ընդդիմադիր հայացքներով և հետևորդների մեծ բանակով:
Երևույթն այսքան տագնապալի չէր լինի, եթե դա կրեր եզակի բնույթ:
Ակնհայտ է, որ ընդդիմադիր լրատվամիջոցների նկատմամբ իրագործվում են կենտրոնացված նպատակային հետապնդումներ:
Նման հալածանքների են ենթարկվել Հ 2-ը, «Երկիր-մեդիա»-ն, «5-րդ ալիք»-ը, «168.am» -ը, և ցանկը շարունակելի է:
Նույն ճակատագրին են արժանանում նաև բազմաթիվ անհատ լրագրողներ;
Փաստորեն այս մեթոդներով է «ժողովրդավարությունը վերածվելու երկրի անվտանգությունն ապահովող տևական գործոնի»:
Մենք վճռականորեն դատապարտում ենք ազատ խոսքի բռնադատման ցանկացած քայլ և հայտարարում ենք, որ.
- մեր երկրում ամեն վայրկյան խախտվում է Սահմանադրությամբ ամրագրված ազատ խոսքի իրավունքը,
- ժողովրդավարության եզրույթի շահարկմամբ երկրում հաստատվում է իսկական բռնատիրություն,
- այլախոհության նկատմամբ անհանդուրժողականությունը դարձել է իշխանության իրական գործելաոճը, և բանտերը լցվում են քաղբանտարկյալներով:
Սիրելի՛ հայրենակիցներ.
Մենք հաստատակամ ենք մեր մոտեցումներում և հնարավոր բոլոր միջոցներով պայքարելու ենք արմատավորվող այս հոռի և այլանդակ դրսևորումների դեմ:
Մեր վճռական խոսքն ենք ուղղում այս իշխանություններին՝ ձեռքներդ հեռո՛ւ Անժելա Թովմասյանից և ազատ խոսքի բոլոր նվիրյալներից:
<<Պահեստազորի սպաներ>> շարժում
<<Ձայն հայրենեաց>> մշակույթի գործիչների շարժում
<<Հայրենիքի վահան>> պահեստազորի սպաների ՀԿ
<<Հայ ազգային գվարդիա>> ՀԿ
<<Ղարաբաղի պատերազմի վետերանների միություն>> ՀԿ
<<Իրավունքի և արժեքների գերակայություն>> ՀԿ
<<Վերադարձ>> հիմնադրամ»։
--00—ԼՄ