ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News
ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկեց Կառավարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում է հաջորդ տարվանից նվազագույն ամսական աշխատավարձը 68 հազար դրամից դարձնել 75 հազար դրամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացրած օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը:
Նախաձեռնությունը բխում է Կառավարության գործունեության ծրագրից: Ըստ Սարգսյանի՝ նախագիծը մշակելիս հաշվի են առնվել ներկայիս սոցիալ-տնտեսական վիճակը, ինչպես նաև՝ երկրի մակրոտնտեսական ցուցանիշների մասին տեղեկատվություն պարունակող բազաների վերլուծության արդյունքները:
«Առաջարկվում է 2023 թվականի հունվարի 1-ից ՀՀ-ում նվազագույն ամսական աշխատավարձի չափը բարձրացնել՝ 68 հազարի դրամից դարձնելով 75 հազար դրամ»,-ասաց փոխնախարարը:
--00—ԶՀ