ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 24News
Ազգային ժողովում «Վերածնվող Հայաստան» կուսակցության գործունեությունը դադարեցնելու որոշումը գաղափարական, սկզբունքային որևէ խնդիր չէ, այն բացառապես մոտեցման խնդիր է՝ Ազգային ժողով վերադառնալու կամ չվերադառնալու հետ կապված: Այս մասին 24News-ին տեղեկացրեց «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը:
«Մեր համոզմամբ՝ մենք պետք է շարունակենք բոյկոտի ուղին, որպեսզի հասնենք մեր գլխավոր նպատակին Ազգային ժողովում ճգնաժամ ձևավորելու համար: Մեր մյուս գործընկերներն այս առումով այլ կարծիք ունեն, մենք հարգում ենք այդ կարծիքը:
Հավելեմ, որ մեր որոշումը բացառիկ ճշմարտություն չէ, ժամանակը ցույց կտա, թե ով էր իրավացի», - պարզաբանեց Հակոբյանը:
Նա նաև նշեց, որ պատգամավորական գործունեությունից չի հրաժարվի միայն ասորիների համայնքը ներկայացնող Զեմֆիրա Միրզոևան, որպեսզի այդ ազգային փոքրամասնությունը զրկված չլինի իր ներկայացրած պատգամավորից:
Նշենք, որ քիչ առաջ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը դադարեցնում է գործունեությունը Ազգային ժողովում։ Կուսակցության անդամ 4 պատգամավորներից 3-ը՝ կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը, փոխնախագահներ Հռիփսիմե Ստամբուլյանն ու Ելենա Կիրակոսյանը, օրենքով սահմանված կարգով դիմում են ներկայացրել՝ հրաժարվելով իրենց մանդատներից:
Հերմինե Միքայելյան
--00—ԼՄ