Արցախի լիակատար ազատության պայքարը ավարտված չէ․ մեր ընտրած ուղուց այլևս շրջադարձ չկա

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

․

Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա, ԼՂՀ անկախության հանրաքվեի և ԼՂՀ Սահմանադրության օրվա առթիվ ուղերձ է հղել։

«Ամբողջ աշխարհում  դեկտեմբերի 10-ը նշանավորվում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր:

Արցախում 3 տասնյակից ավելի է՝ դեկտեմբերի 10-ը նշվում է նաև որպես պետական ​​անկախության հանրաքվեի և ԼՂՀ Սահմանադրության  oր:

1991 թվականի այս օրը Արցախի բնակչությունը ԼՂՀ անկախության հանրաքվեով արտահայտել է անկախ պետություն ունենալու իր կամքն ու  նվիրվածությունը, իսկ  2006 թվականի նույն օրը ժողովրդավարական և օրինական երկիր ստեղծելու պատրաստակամությամբ ընդունել է ԼՂՀ Սահմանադրությունը:

Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը պատահական չէր ընտրված. Արցախյան շարժումը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ծնունդն ու գոյությունը մարդու իրավունքների, հիմնարար սկզբունքների, ժողովուրդների հավասարության և նրանց ինքնորոշման իրավունքի անքակտելի մասն են:

Արցախահայությունը, հավատարիմ երկու հանրաքվեներով արտահայտած իր ցանկությանն ու անփոփոխ դիրքորոշմանը, այսօր էլ նույն վճռականությամբ  ու նվիրվածությամբ պատրաստ է տեր կանգնելու և ամրապնդելու անկախ պետականության ձեռք բերած արժեքները, ապրելու, շենացնելու և զարգացնելու բազմաթիվ կորուստների ու զրկանքների գնով պահպանած պապենական հողը, պայքարելու իր իրավունքի ինքնորոշման  արդարացի լուծման համար:

Արցախի լիակատար ազատության, մեր ժողովրդի ոտնահարված իրավունքների վերականգնման պայքարը ավարտված չէ․ այն դեռ  շարունակվում է։

Մեր ընտրած ուղուց այլևս շրջադարձ չկա, այն արդար է և սրբագործված մեր հերոս նահատակների արյամբ:

Խաղաղություն մեր հայրենիքին, ամուր կամք, համբերություն և բարեկեցություն հերոսական մեր ժողովրդին», - ասվում է ուղերձում:

--00--ԱՀ