ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News
Լաչինի միջանցքում հիմնական խաղը գնում է Սյունիքի շուրջ, Արցախի բնակչությանը պատանդ են վերցրել, որ Հայաստանին ինչ-որ բան պարտադրեն: Սյունիքի հարցում մեծ խաղացողներ կան, որոնք գլոբալ նպատակներ ունեն: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
«Հայաստանն այսօր ի վիճակի չէ Սյունիքը պահել, Իրանն իր զորավարժություններով այդ ուղղութամբ հարձակումը կանգնեցրեց՝ հայտարարելով, որ սահմանն իր «կարմիր գիծն» է, թույլ չի տալու որևէ փոփոխություն, այսինքն՝ չի բացառվում, որ որևէ պահի Իրանն առանց ՀՀ-ին հարցնելու զորք մտցնի Սյունիք:
Ռուսաստանը ևս միջանցքով շահագրգռված է, ուզում է իր վերահսկողության տակ վերցնել: Թուրքիան ու Ադրբեջանը ևս ցանկանում են միջանցքը վերցնել, իսկ նրանց ետևում Արևմտյան երկրներն են, որոնք խնդիր ունեն՝ Սյունիքի միջանցքով դեպի Միջին Ասիա գնալ, իսկ հետագայում փլուզեն Իրանը, հետո՝ Ռուսաստանը:
Այդ պատճառով Ռուսաստանն ինչ-որ պայմանագրով ուզում է միջանցքն իր վերահսկողության տակ վերցնել, Արևմուտքն էլ ուզում է՝ Թուրքիայի վերահսկողությունը լինի: Հիմա Հայաստանը պետք է ընտրի, թե ում վերահսկողությունը պետք է հաստատվի»,-ընդգծեց քաղաքագետը:
Դանիելյանի կարծիքով, այս հարցում Հայաստանի քաղաքականությունը պարզ չէ, բայց ակնհայտ է, որ ցանկանում են գնալ արևմտյան սցենարով, իսկ միջանցքը հանձնել Արևմուտքին, նշանակում է հանձնել Թուրքիային: «Հայաստանը պետք է ընտրություն կատարի միջանցքի պահով, եթե ընտրի Իրանին և Ռուսաստանին, Արևմուտքի սանկցիաների տակ է մտնելու և հարաբերությունների խզում է տեղի ունենալու, եթե թուրքական տարբերակն ընտրի, թշնամի կդառնա Իրանին ու Ռուսաստանին:
Այսօրվա Կառավարության դաշնակիցը Թուրքիան է, Բրիտանիայի MI 6-ի տնօրենի այցը Հայաստան պատահական չէր, ինչ-որ պայմանավորվածություն է եղել: 2020 թվականի պատերազմը կատարվել է բրիտանական մենեջմենթի տակ և իրենք են հրահրել, ինչպես և ուկրաինական պատերազմը:
Բրիտանիան այս տարածաշրջանում խոշոր խաղացող է դառնում, ուզում են Սյունիքի միջանցքը գործի, որի շնորհիվ իրենց տնտեսական ներգրավվածությունը կլրջացնեն»,- եզրափակեց Դանիելյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հերմինե Միքայելյան
--00—ԱՊ