ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ըստ ՀՀ ՔԿ պաշտոնական հաղորդագրության՝ սույն թվականի ապրիլի 10-ին միջնորդություն է հարուցվել հսկող դատախազին՝ Նարեկ Սամսոնյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է և նրան ներկայացվել է մեղադրանք։
Ուշադիր հետևում եմ տեղի ունեցող զարգացումներին՝ ըստ անհրաժեշտության համապատասխան պարզաբանումներ ստանալու նպատակով կդիմեմ քրեական հետապնդում իրականացնող մարմնին, ինչպես նաև ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցներին:
Ինչու՞, որովհետև ապրիլի 4-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստին պաշտոնատար անձի՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի կողմից հնչեցված անթույլատրելի և ըստ էության հակաիրավական բնույթի գործողությունները թերևս ունեին առավել բարձր հանրային վտանգավորություն, սակայն գործնականում փաստացիորեն դեռևս դեպքի առթիվ քրեական վարույթ չի նախաձեռնվել, իսկ վերոնշյալ դեպքում վարույթն իրականացնող մարմինը ջանասիրաբար շտապել է մեղադրանք ներկայացնել։
Կարևորելով ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածով ամրագրված յուրաքանչյուր անձի կողմից իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունքը և ընդունելով, որ խոսքի ազատությունը սահմանափակման ենթակա իրավունք է՝ պատրաստվում եմ միջազգային գործընկերներիս առջև բարձրաձայնել տեղի ունեցածը՝ ակնկալելով համաչափ արձագանք»։
--00—ԶՀ