ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն կարծում է՝ Արցախի խնդիրը մեր ժողովրդին հուզող ամենակարևոր հարցն է, և այս առումով հստակ է նաև հայաստանաբնակ և աշխարհասփյուռ ժողովրդի վերաբերմունքը, որ ամեն գնով պետք է պաշտպանել Արցախի ժողովրդի ազատ, անկախ ապրելու իրավունքը։ Այդ մասին նա հայտարարել է Էջմիածնում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։
24News-ի դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանն օրերս նշեց, որ ՀՀ իշխանությունները «Մադրիդյան սկզբունքներով» Արցախը ճանաչել են Ադրբեջանի կազմում, ի՞նչ ասելիք ունի Գարեգին Բ-ն այս թեմայի առնչությամբ, կաթողիկոսը պատասխանել է․
«Մենք չենք կարծում, որ նման հայտարարությունները տեղին են, և որևէ կերպ կարող են նպաստավոր լինել հարցի կարգավորման համար։ Պետք է չշտապել, ընդհակառակը, պետք է ամեն կերպ պաշտպանել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»։
Հարցին՝ տեսնո՞ւմ եք հնարավորություն, որ Արցախը Ադրբեջանի կազմում կարող է չլինել, նա պատասխանել է․ «Ես չեմ կարող պատկերացնել, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում, որովհետև դա կնշանակի հայ ժողովրդի նկատմամբ մի նոր ցեղասպանություն, դա կնշանակի հայաթափում Արցախի մեր ժողովրդի»։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԼՄ