ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News
Հայաստանում էականորեն աճել է ընտանիքում ծնվող երրորդ և հաջորդ երեխաների թիվը, բացի այդ՝ այս տարվա առաջին եռամսյակում ծնունդների թիվը ավելի է եղել 658-ով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը կառավարության նիստում՝ նախագծի զեկուցման շրջանակներում:
Նախարարը նշեց, որ վերջին տարիներին կառավարության կողմից ընդունված ժողովրդագրական պատկերի բարելավման տարբեր ծրագրերն արդեն իրենց դրական արդյունքներն են ցույց տալիս՝ ծնելիության ցուցանիշի վրա:
«Էականորեն աճել է ընտանիքում ծնվող երրորդ և հաջորդ երեխաների թիվը: Օրինակ, եթե համեմատենք 2018 և 2021 թթ ցուցանիշները, կտեսնենք, որ 4 տարիների ընթացքում ծնված երեխաների ընդհանուր թվի մեջ երրորդ և հաջորդ երեխաների թիվն աճել է շուրջ 30 տոկոսով: Եթե 2018-ին ծնվել էր կարգաթվով 3 և բարձր 8271 երեխա, ապա 2021-ին երրորդ և հաջորդ ծնված երեխաների թիվը կազմել է 11438»,-ասաց Մկրտչյանը:
Նա հավելեց նաև, որ 2023-ի առաջին եռամսյակի տվյալներն արդեն խոսում են, որ ծնունդների էական աճ կա:
«Նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ ավել է 658-ով: Նաև էական նվազում կա մահերի ցուցանիշում, նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ պակաս է 20 տոկոսով»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ կան մեթոդաբանական որոշ նրբություններ:
Ավելի համապարփակ պատկերը կլինի դեկտեմբերին:
--00—ԶՀ