Լոռու և Տավուշի մարզերում իրականացվում են համակարգված աշխատանքներ. կայացել է ՀՀ-ԵՄ աշխատաժողով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News

նգն

Մայիսի 27-ին տեղի է ունեցել միջգերատեսչական համակարգման աշխատաժողով` տարերային և տեխնածին աղետների կանխարգելման, արձագանքման և պատրաստվածության թեմայով: Մասնակցել են Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը, «Տարերային և տեխնածին աղետների կանխարգելում, արձագանքում և պատրաստվածություն Արևելյան գործընկերության երկրներում»  ծրագրի, Եվրոպական բնակչության պաշտպանության և մարդասիրական օգնության գործողությունների գլխավոր տնօրինության, ինչպես նաև ՆԳՆ և այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից։

ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն իր խոսքում նշել է, որ հանդիպումը տեղի է ունենում այն պայմաններում, երբ Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների հետևանքով արտակարգ իրավիճակ է: Ձևավորվել է օպերատիվ շտաբ, որը համակարգում է աղետի վերացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

Փոխնախարարի խոսքով՝ հանդիպումն օգնելու է վերագնահատելու հնարավորություններն ու կարողությունները, ինչպես նաև շարունակելու բարելավել առկա գործիքակազմը:

Նա շնորհակալություն է հայտնել Եվրոպական Միությանը՝ մշտական աջակցության և աղետների ռիսկի կառավարման ոլորտում համագործակցության  ընդլայնման պատրաստակամության համար: 

Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսն իր խոսքում  բարձր է գնահատել հայաստանյան գործընկերների հետ  սերտ համագործակցությունը: Նա ցավով է անդրադարձել Լոռու և Տավուշի մարզում հեղեղումների հետևանքով առաջացած իրավիճակին ու զոհերին՝ հավաստելով  սերտ համագործակցության պատրաստակամությունը:

Հանդիպման ընթացքում ծավալվել է ակտիվ քննարկում՝ աղետների ռիսկի կառավարման ռազմավարության և հարակից այլ հարցերի շուրջ:

--00—ԼՀ